Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրու բժշկական կենտրոնը» վերջին երկու տարիների ընթացքում համալրվել է մի շարք ծառայություններով

«Գյումրու բժշկական կենտրոնը» վերջին երկու տարիների ընթացքում համալրվել է մի շարք ծառայություններով 02.03.2019

Առաջանցիկ բժշկության հրամայականը՝ մասնագիտական ու տեխնիկական պոտենցիալի համընթաց զարգացումն է:

            «Գյումրի բժշկական կենտրոնը»Շիրակի մարզի և հատկապես՝ Գյումրի քաղաքի բնակչությանը հնարավորություն է ընձեռում ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ:


Ոլորտում փորձառու,արգասավոր ուղի անցած բուժկենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը լի է բուժսպասարկման անընդմեջ զարգացման ու կատարելագործման ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ ներուժով: Աներկբա է, այս հարցում նաև բուժանձնակազմի ներդրումը: Մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում հաղորդակից լինել բժշկության նորամուծություններին և այն գործնականում ծառայեցնել ազգաբնակչության առողջության պահպանմանն ու վերականգնմանը: Ըստ «Գյումրի բժշկական կենտրոնի»բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի՝ բուժհաստատությունը վերջին երկու տարիների ընթացքում համալրվել է մի շարք ծառայություններով, որոնք մարզում մինչ այդ չեն եղել: Խոսքը՝ գերժամանակակից հետազոտական ու վիրաբուժական սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոնի մասին է, որտեղ առկա են լազերային վիրահատություն կատարող սարքավորումներ: Ներկայիս բժշկության մեջ շատ մեծ տեմպերով զարգացող լազերային ճյուղն ու ներդրված այս սարքավորումներն ավելի ապահով, ճշգրիտ ու արագ են դարձնում վիրահատությունները:


Մեկ միլիոն դոլարի ներդրում արժեցած ակնաբուժական այս կենտրոնի առկայությունն, ըստ էության, կկանխի բուժման նպատակով Շիրակի մարզից մայրաքաղաք մեկնող բնակչության հոսքը, և նրանք ստիպված չեն լինի անգամ հետազոտության համար վատնել զգալի միջոցներ: Երևանի առաջատար կլինիկաների մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այցելեն Գյումրի և տեղում ծառայություններ մատուցեն, մինչև որ հայրենի Շիրակի մարզ կգան ու Գյումրիում կհաստատվեն ոչ միայն երևանաբնակ մասնագետներն, այլև կլինիկական օրդինատուրայի ուսուցման մեջ գտնվող բժշկական կադրերը, որոնց էլ բուժհիմնարկը գրկաբաց կընդունի իր հարկի ներքո:


Ներկայում ընդլայնված հեմոդիալիզի բաժանմունքը նախկինի փոխարեն սպասարկում է 97 հիվանդի: Ռուսական կազմակերպություններից մեկի հետ պայմանագիր ունեն, որի համաձայն՝«Գյումրի բժշկական կենտրոնում»տեղադրվելու է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորում: Համակարգչային սրտագրության սարքի, անգիոգրաֆի և ժամանակակից այլ սարքավորումների առկայությունը հնարավորություն են տալիս որակական բարձր ցուցանիշի վրա պահել սրտաբանական ծառայություններն, այստեղ և մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ տարածաշրջանի բնակչության համար:


Կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում՝ ի դեմս գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի, «Գյումրի բժշկական կենտրոնը» Հայաստանում սրտի դեղապատ ստենտավորման համար սահմանեց ամենամատչելի գինը՝  850 հազար դրամ, նախկին 1 մլն 100 հազար դրամի փոխարեն, ինչը նպաստեց նաև հիվանդների թվի աճին՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը: ՀՀ Առողջապահության նախարարի կողմից վերանայվել է նաև սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը: Այս տարի բուժհիմնարկը ստացել է փոխհատուցում գերակատարված ծառայությունների դիմաց:


Մտահոգիչ է, որ <<Գյումրի բժշկական կենտրոնը>> չունի ամբուլատոր ծառայություններ: Ազատ օրերին և աշխատանքային ժամերից հետո հիվանդ այցելուներին մատուցած ծառայությունները չեն ֆինանսավորվում, եթե հիվանդը չի ցանկանում ստացիոնար բուժում ստանալ: Այս մասով վճարման հետ կապված դժվարություններ են ծագում քաղաքացի- բժիշկ հարաբերություններում, սակայն դրան էլ փորձում են ինչ-որ կերպ դրական լուծում տալ: Դիմող հիվանդների զգալի մասն այս բուժկենտրոնում է սպասարկվում, նեղ մասնագիտացված կլինիկաներ հիմնականում տեղափոխվում են այն հիվանդները, որոնք որ ունեն եզակի հետազոտությունների կամ բուժման անհրաժեշտություն:


Վերջին 20 տարիներին բուժհիմնարկում որոշ մասնագիտությունների գծով չունեն անհրաժեշտ բուժմասնագետներ, կամ եթե առկա են, ապա շատ նվազ թվաքանակով: Այս բացը սպասարկման ընթացքում ստեղծում է որոշակի բարդույթ, երբ եզակի մասնագետի բացակայության դեպքում որոշակի հիվանդությունների ժամանակ բուժկենտրոնի աշխատանքը խիստ դժվարանում է: Այս ամենի հետ փորձում են հաղթահարել նաև բուժսարքավորումների մաշվածության հետ առաջ եկող խնդիրները, քանզի հիվանդանոցը շահագործման է հանձնվել վեց տարի առաջ և ունեն սարքավորումների կարիք: Հընթացս ձեռք են բերել լաբորատոր սարքավորումներ, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքի համար տեխնոլոգիական նոր սերնդի սարքավորում, որով հնարավոր է բազմաթիվ կարևոր հետազոտություններ իրականացնել էքսպրես եղանակով՝ հօգուտ համապատասխան բուժում ստացող հիվանդների:


<<Գործընթաց>> թերթN248, 20.12.2018թ.

ԻրինաԴանիելյան