Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը «Շրջապատի» հետ ամփոփել է անցնող տարում կենտրոնի կատարած աշխատանքները, խոսել գալիք տարվա անելիքներից:
- Պարոն Իսահակյան, տարին մոտենում է ավարտին: Ինչո՞վ այն կարևորվեց «Գյումրի» բժշկական կենտրոնի համար: Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ եղան:
- Այս տարում և՛ լավը կար, և՛ վատը: Քառօրյա պատերազմը բոլորիս վրա լուրջ ազդեցություն ունեցավ թե՛ մարդկային կորուստների տեսանկյունից, թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական առումով: Բժշկական կենտրոնն այդ ընթացքում աշխատանքներն ուղղեց բանակին օգնելուն, և մինչ օրս մեր մոտ բուժվելու են գալիս զոհված զինվորների ընտանիքի անդամները, մեր Երկրապահ կամավորականների միության անդամները: Դա ֆինանսական խնդիրներ առաջացրեց, ինչը ՀՀ առողջապահության նախարարության, Շիրակի մարզպետարանի միջոցով կարողացանք կարգավորել: Հիմա էլ շարունակում ենք այդ ընտանիքներին առողջապահական աջակցություն ցուցաբերել և անվճար բուժօգնություն կազմակերպել: Անվճար բուժօգնություն է ցուցաբերվում նաև սիրիահայ ընտանիքներին:
Մենք նաև աշխատանքներ ենք իրականացրել մեր կառույցի գործունեությունը բարելավելու ուղղությամբ, որպեսզի բժիշկները վերապատրաստվեն, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն հիվանդներին: Օրինակ՝ մեր պլաստիկ վիրաբույժը վերջերս Իտալիայում վերապատրաստման էր և նոր է վերադարձել:
Այս տարի մեր կենտրոն նաև արտասահմանից բժիշկներ այցելեցին. Ֆրեզնոյից եկած բժիշկներն այստեղ հիվանդների ընդունելություններ կազմակերպեցին, վիրահատություններ կատարեցին: Սիրիայից եկել է նաև սիրիահայ վիարբույժ Ջոնի Ադաթը, ով տարին երկու անգամ գալիս, վիրահատություններ է անում մեզ մոտ: Ամենակարևորն այն է, որ մեր ինվազիվ սրտաբանությունը շարունակել է իր գործունեությունը, մեր մասնագետն ամեն օր կենտրոնում է եղել և արդեն մեծ թվով հիվանդներ ոչ թե Երևան են գնում, այլ՝ վստահելով մեր կենտրոնի սրտի ինվազիվ ծառայությանը, այստեղ են վիրահատվում, ստենտավորվում ու մեր հսկողության տակ մնում:
Փոխել ենք նաև գնային քաղաքականությունը, ծառայությունների վճարները նվազեցրել ենք: Օրինակ՝ սրտի վիրահատությունը 2 միլիոն դրամից դարձել է 1 մլն 100 հազար դրամ, պետպատվերով սրտի վիրահատությունը 1 մլն 600 հազարից 1 մլն դրամ է դարձել: Այս իրավիճակում վճարումների քանակը կրճատվել է, բայց դրա հետ մեկտեղ, մեր գործընկերների հետ համաձայնություն էինք ձեռք բերել, որ իրենք ևս նվազեցնեին իրենց նյութերի արժեքները: Ու այդպես, յուրաքանչյուր դրամը հաշվարկելով, արել ենք ամեն ինչ, որ այդ գնային փոփոխությունները չանդրադառնան ո՛չ ծառայությունների, ո՛չ էլ նյութերի որակի վրա:
- Պարոն Իսահակյան, արտասահմանից ժամանած բժիշկների այցելությունն ինչքանո՞վ էր կարևոր թե՛ կենտրոնի անձնակազմի, թե՛ հիվանդների համար:
- Մեր հիվանդները համոզվեցին, որ մենք էլ բժիշկներ ունենք, որոնց կարելի է վստահել: Իսկ անձնակազմի համար դա փորձի փոխանակում էր, ընդ որում՝ երկկողմ փորձի փոխանակում, որովհետև արտասահմանից եկած բժիշկներն էլ մեր մասնագետներից սովորեցին: Օրինակ՝ նրանք զարմացել էին մեր անեստեզիոլոգների աշխատաոճից ու պրոֆեսիոնալիզմից: Քննարկումներ, առաջարկություններ են եղել, որոնք շատ արդյունավետ էին երկու կողմի համար:
- Դուք բազմիցս նշել էիք, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի պետպատվերի հատկացումներն ավելի քիչ էին, քան հիվանդանոցի կատարած ծախսերն էին: Առողջապահության նոր նախարար ունեք: Խնդիրը կարգավորվե՞ց:
- Նոր նախարարը փորձեց ավելացնել տարեվերջյան հատկացումները, ու մասամբ ստացվեց: Այստեղ խնդիրն այն է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնին, իր շենքային յուրահատկություններով կառուցվելուց հետո, ֆիկտիվ բյուջե էր հատկացվել, որը համալրվելուց ու ամբողջ ծավալով աշխատելուց հետո նոր պիտի վերանայվեր: Իսկ կենտրոնը 2015-ի վերջին, 2016-ի սկզբին արդեն 80 տոկոսով համալրվել էր, հիմա էլ կարելի է ասել, 90 տոկոսով համալրված է և այժմ բյուջեն վերանայման կարիք ունի: Ես հույս ունեմ՝ նախարարն այդ հարցին կանդրադառնա, մենք սպասում ենք, որ նա նաև կայցելի «Գյումրի» բժշկական կենտրոն, և այդ հանդիպումների ու քննարկումների արդյունքում կկարողանանք ստեղծել իրատեսական պետպատվերի բյուջե: Մենք ֆինանսական խնդիր ունենք նաև վճարովի ծառայությունների մասով: Այնպես որ, հենց հիմա այդ բյուջեի վերանայման ժամանակն է: Ու, եթե ամեն ինչ լավ ստացվի, մենք կկարողանանք նաև կուտակված պարտքերից ազատվել ու հիվանդանոցը կսկսի աշխատել եկամուտով:
- Ի՞նչ փոփոխություններ են նախատեսված 2017թ. համար: Ի՞նչ անելիքներ կան:
- Փոփոխություններ, իհարկե, կլինեն 2017թ. հունվարից: Այն մասնագետները, որոնց հնարավորություն էինք տվել այս 3-4 տարիների ընթացքում կայանալ, կկարողանան մնալ որպես հաստիքային աշխատողներ, իսկ ովքեր չօգտվեցին այդ հնարավորությունից, երևի քաղիրավական պայմանագրով կշարունակեն աշխատել: Նաև սերնդափոխություն է լինելու: Բաժնի վարիչները, ովքեր թոշակի են գնալու, կփոխարինվեն երիտասարդ կադրերով, բայց և կշարունակեն աշխատել: Նոր ծրագրեր ենք նախապատրաստում: Ամենամեծը ակնաբուժական կաբինետի համալրումն է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Մենք արդեն իսկ պայմանավորվածություն ունենք «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի «Լույս հայի աչքերին» ծրագրի հետ: Խոսքը մոտ 300-400 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Նման ակնաբուժական ծառայություն կա Սպիտակում, շուտով նաև մենք կունենանք: Սկզբի համար կհամագործակցենք Երևանի հայտնի կլինիկաների մասնագետների հետ, ինչպես արեցինք կենտրոնի գործունեության հենց սկզբում: Նախատեսվում է աչքի լազերային վիրահատություններ անցկացնել: Սա ամբողջ մարզի համար է արվում. գիտենք՝ տարեկան ինչքան մարդ է գնում Երևան՝ աչքերը ստուգելու ու վիրահատելու:
Կենտրոնը համալրվելու է նաև ֆիզիոթերապևտիկ բաժանմունքով, որը նախկինում չի եղել: Կարծում եմ՝ սա ավելի շուտ կլինի, քան ակնաբուժական ծառայությունը: Հուսով եմ՝ տարեսկզբին մենք արդեն «Սամարիթերից» դիալիզի բաժանմունքն ամբողջությամբ կտեղափոխենք մեր մոտ, և բոլոր հիվանդները ավելի որակյալ բուժօգնություն կստանան:
Գիտեք, հիմա փոխվել է աշխարհն ու մարտահրավերները: Ու յուրաքանչյուրս մեր տեղում պետք է փոփոխություն բերենք: Մեր մասով այնպես պետք է անենք, որ ոչ թե արդեն առողջությունը կորցրած մարդը գա հիվանդանոց, այլ պրոֆիլակտիկները շատացնենք, ու մարդիկ ժամանակին հիվանդության դեմն առնեն, հիվանդությունը ժամանակին ախտորոշվի. դա ավելի քիչ ծախսատար է, հետևանքներն էլ ավելի քիչ վնասակար, ու արդեն առողջացած մարդն էլ պետությանը կարող է ավելի շատ պետք գալ, քան հիվանդը:
Զրուցեց՝ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Շրջապատ» շաբաթաթերթ