Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ընդհանուր տեղեկություններ / Պլաստիկ վիրահատության նոր մեթոդները, առավելությունները եւ վտանգները

Պլաստիկ վիրահատության նոր մեթոդները, առավելությունները եւ վտանգները 30.06.2016

Հետվիրահատական շրջան


Ցանկացած վիրահատության դեպքում հնարավոր է ներվիրահատական եւ հետվիրահատական բարդությունների զարգացումը: Դա վիրաբուժության մեջ հայտնի երեւույթ է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախավիրահատական հետազոտությունը, վիրահատական անզգայացման եղանակը, վիրահատության տարբերակները, վիրակապությունները, հետվիրահատական խնամքը կատարվում են այնպես, որ հնարավորինս կասեցնեն կամ մեղմացնեն հնարավոր բարդությունները: Ըստ վիճակագրական տվյալների, հնարավոր բարդությունների ընդհանուր տոկոսը պլաստիկ վիրահատությունների դեպքում կազմում է 2-5%: Վիրաբույժներն այդ մասին տեղյակ են եւ նախապես տեղեկացնում են պացիենտներին տվյալ վիրահատությանը բնորոշ հնարավոր ռիսկերի մասին: Չնայած վիրաբույժը ջանք չի խնայում հանարվոր բարդությունների կանխման համար, սակայն այդ բարդությունները հնարավոր են եւ դա լիվին կանխել հնարավոր չէ: Բանն այն է, որ նախ օրգանիզմի պատասխան ռեակցիան տարբեր է, խնդիրները պայմանավորված են ոչ միայն տարիքային առանձնահատկություններով, գենետիկական նախատրամադրվածությամբ, իմուն համակարգի պատասխանով, օրգանիզմի նյութափոխանակության արագությամբ, այլեւ ուղեկցող հիվանդություններով: Ինչպես նաեւ կարեւոր հանգամանք է հանդիսանում պացիենտի կամքի ուժը, պարտաճանաչությունը, սովորույթները (հաճախ՝ վնասակար):


Հնարավոր ռիսկեր 


Հնարավոր բարդություններից է թարախակալումը: Վիրահատությունը մաշկային ծածկույթերի հատումն է, որի արդյունքում հնարավոր է ինֆեկցիայի թափանցում օրգանիզմ: Ժամանակակից հակաբիոտիկների բազմազանությունը թույլ է տալիս վիրաբույժներին առավել արդյունավետ պայքարել այս հնարավոր բարդության դեմ: Իսկ վիրահատական դաշտի ճշգրիտ մշակումը, վերքերի պատշաճ խնամքը այս բարդությունը հասցնում են զրոյականի:

Մյուս հավանական բարդությունը սերոման է (մաշկի ստորադիր հյուսվաքներում հեղուկի կուտակումը), որը սովորաբար ավշային մազանոթների ժամանակավոր խափանման հետեւանք է: Սա հիմնականում առաջանում է որովայնի պլասիկայի եւ լիպոսակցիայի ժամանակ, երբ ենթամաշկային ճարպաբջջանքից հեռացվում է հյուսվածքի զգալի քանակություն, որը հեշտությամբ արտահանվում է դրենավորման եղանակով:

Հեմատոման կամ ենթամաշկային արյունազեղումը հնարավոր է ներվիրահատական եւ հետվիրահատական շրջանում, օրինակ, դեմքի ձգման, քթի պլաստիկ վիրահատման,  մամոպլաստիկայի (կրծքի մեծացում սիլիկոնային իմպլանտներով),  աբդոմինոպլաստիկայի (որովայնի պլաստիկա) դեպքերում: Առաջացած արյունազեղումը հնարավոր է վերացնելժամանակին արյան դատարկելու, հատուկ դեղորայքի եւ սեղմմող, ճնշող վիրակապի կիրառմամբ:

Իմպլանտի միգրացիա: Այս հետվիրահատական բարդությունը հաճախ առաջանում է աուգմենտացիոն մամոպլաստիկայի (կրծքերի մեծացում) ժամանակ: Իմպլանտը հաճախ տեղաշարժվում է հետվիրահատական ռեժիմի խախտման եւ կոմպրեսիոն վիրակապը չկրելու դեպքում: Հաճախ իմպլանտը հնարավոր է վերադարձնել նախկին դիրքին առանց կրկնակի վիրահատության, այդ պատճառով այս բարդությունը համարվում է հարաբերականորեն թեթեւ եւ վերականգնվող:

Ցանկացած վիրահատությունից հետո հնարավոր է արյունահոսության զարգացում: Ոչ ծավալուն վիրահատությունների դեպքում, օրինակ՝ օտոպլաստիկայի (ականջի վիրահատություն), բլեֆարոպլաստիկայի (կոսմետիկ վիրահատություն), սպիերի կորեկցիայի դեպքում, հնարավոր է արյունահոսության զարգացում՝ կապտուկների եւ ոչ ծավալուն հեմատոմայի տեսքով: Սակայն ավելի ծավալուն վիրահատությունների՝ քթի պլաստիկ վիրահատման, դեմքի ձգման, աբդոմինոպլաստիկայի (փորի կամ որովայնի պլաստիկա) դեպքում հնարավոր է, որ արյունահոսությունն ունենա ավելի լուրջ հետեւանքներ՝ սակավարյունություն, տարածուն հեմատոմաներ, հեմատոմայի վրա սնուցման խանգարում, ինֆեկցիայի միացում հեմատոմային, կոպիտ սպիացում հետվիրահատական շրջանում:

Այս բարդության կանխարգելման համար սովորաբար բավական է կատարել վիրահատկան տեխնիկայի հստակ պահպանում, հեմատոմայի կանխարգելման միջոցառումներ, պացիենտի կոմից բժշկի նշանակումների եւ խորհուրդների խստիվ պահպանում, ծխողների համար՝ ծխախոտի օգտագործման խստապահանջ վերացում, մինչ վիրաբույժի կողմից թույլատրված ժամկետը, արյունամատակարարումը լավացնող դեղորայքի կիրառում:

Հիմնականում այս բարդությունների առաջացումը ոչ թե խափանում է պլանավորված սպասվելիք արդյունքը, այլ միայն հետաձգում են վիրահատության ակնկալիքները, երբ հետվիրահատակն արդյունքը հասանելի է դառնում հետաձգված ժամկետներում:


Օրգաններ, որոնք չի կարելի  քանի անգամ վիրահատել


Այդպսի օրգան չկա պլաստիկ վիրաբուժության մեջ, որն ունենա վիրահատության թվի սահմանափակումներ, այլ սահմանափակումները կապված են մասնավոր դեպքի կամ վիրահատական ցուցումների, կամ արդեն տվյալ օրգանի հյուսվածքային ռեզերվների բացակայության հետ, երբ պլաստիկ վիրաբույժը խորհորդ չի տալիս վիրահատել՝ սպասվելիքի իդեալական արդյունքների դժվար հասանելիության պատճառով, կամ պացիենտի չափազանց քմահաճ եւ խստապահանջ լինելու պատճառով:


 Առավելություններ եւ թերություններ


Պլաստիկ վիրաբուժությունն իր մեջ ներառում է երկու ճյուղեր՝ էսթետիկ վիրաբուժությունը եւ վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրաբուժությունը: Արանք սերտորեն փոխկապակցված են մեկը մյուսի հետ եւ փոխադարձաբար լրացնում են միմյանց: Էսթետիկ վիրաբուժությունը գլխավորապես ուղղված է մարմնի գեղեցկության եւ գրավիչ տեսքի վերականգնմանը: Իսկ վերականգնողականը՝ մարմնի տարբեր մասերի դեֆեկտների, խեղաթյուրումների վերականգնմանը, օրգանի ֆունկցիայի վերականգնմանը՝ հաճախ մարմնի տարբեր տեղամասերից լաթերի օգտագործմամբ եւ այլ հնարքների կիրառմամբ: Նույն օրգանը, օրինակ, քիթը հնարավոր է, որ ունենա էսթետիկ վիրահատական ցուցումներ: Քթի կուզ, կախված քթի ծայր, լայնացած քթանցքեր եւ այլն, իսկ հնարավոր է, որ քիթն ունենա վերականգնողական վիրահատական ցուցումներ, այն է, երբ բացակայում է կամ խեղաթյուրված է քթի որեւէ տեղամասը, օրինակ, վնասվածքներից հետո, ուռուցքի հեռացումից հետո կամ բնածին անոմալիաների, խեղաթյուրումների դեպքում:


Պլաստիկ վիրահատության գլխավոր առվելությունը, թերեւս, մարմնի թերությունների վերացումն է: Պլաստիկ վիրաբուժութունն օգնում է մարդկանց ապրել ավտովթարներից, հրդեհներից, աղետներից ստացված զանազան վնասվածքներից հետո: Պլաստիկ վիրաբույժները շտկում են տարբեր դեֆեկտներ, սպիեր, խեղաթյուրումներ, օգնում են մարդկանց վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:Շատ դեպքերում պացիենտը դիմում է վիրահատության ըստ առողջական ցուցումների, ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե՝ ըստ քմահաճույքի:

Որպես մեկ այլ առավելություն կարող եմ նշել խնայողական, փոքր ինվազիվ եղականկների կիրառումը, որոնք բազմազան են եւ արդեն իրենց ուրույն տեղն ունեն (լազերային եւ ուլտրաձայնային տեխնիկայի կիրառում): Նոր մեթոդների կիրառումը թույլ է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից: Օրինակ, դեմքի թելային ձգման եղանակի դեպքում պահպանվում է դեմքի բնական միմիկան, անհամաեմատ քիչ է մաշկի ձգվածության զգացողությունը եւ, վերջապես, փոքր ինվազիվ եղանակերը կատարվում են տեղային անզգայացման պայմաններում, եւ պացիենտը բուժումը, ճիշտ է, ստանում է հիվանդանոցային, սակայն, ամբուլատոր պայմաններում: Այս եղանակը հետաձգում է կնճիռների հետագա առաջացումը, հետեւաբար եւ՝ պահանջվող դեմքի ձգման վիրահատական եղանակը: Համեմատաբար նոր կիրառվող մեթոդներից է նաեւ մաշկի անթել կարման եղանակը, երբ կիրառվում է մաշկային սոսինձ՝ արտաքին մաշկային կարի փոխարեն:

Երիտասարդ տեսքի եւ գեղեցկության պահպանումը հիմնական դրական կողմերն են, մարդիկ միշտ ձգտում են ունենալ երիտասարդ, հրապուրիչ եւ գեղեցիկ արտաքին:

Հետվիրահատական բարդություններն անցանկալի եւ բացասական կողմերն են: Այդ պատճառով նախքան վիրահատության դիմելն անհրաժեշտ է, ինչպես հարկն է մտածել այդ մասին, հաշվի առնել հնարավոր ռիսկերը:

Մեկ այլ բացասական կողմը հետվիրահատական ստրեսն է: Որոշ մարդիկ հետվիրահատական շրջանում ունենում են բավականին արտահայտված դեպրեսիա, կապված հետվիրահատական շրջանի դիսկոմֆորտի հետ: Բացի այդ, հարկ է հաշվի առնել մեկ հանգամանք եւս, որ չնայած արտաքին երիտասարդացմանը, օրգանիզմը շարունակում է ծերանալ եւ ընդհանուր ծերացման պրոցեսը հնարավոր չէ կանխել:


Դավիթ Սմոյան

Գյումրու բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ