Մեր զրուցակիցն է "Գյումրի բժշկական կենտրոնի" գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
– 2015թ. հունվարի 1-ից իրականացվեց "Կյանքի ստենտ" ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում իրականացված ծրագիրը: Շիրակի մարզի բնակիչները գո՞հ են "Կյանքի ստենտ" ծրագրից:
– «Գյումրի» բժշկական կենտրոնում առանձնահատուկ կարեւորություն ունեցավ ՀՀ նախագահի կողմից ներդրված «Կյանքի ստենտ» ծրագիրը, որի շնորհիվ կարողացանք փրկել բազում կյանքեր: Միայն «Կյանքի ստենտ» ծրագրով 2015 թվականի ընթացքում իրականացվել է սրտի 65 անհետաձգելի վիրահատություն: Սակայն հավելեմ, որ նախորդ տարվա ընթացքում տարբեր փաթեթների շրջանակներում եւս իրականացվել է 130 վիրահատություն, որի համար կրկին վճարել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կարեւորում եմ այս ծրագրի ներդրումը եւ շարունակականությունը «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նախ` ժամանկային առումով, քանի որ հիվանդի համար ավելի հարմարավետ կլինի անմիջապես տեղափոխվել մեր բժշկակակն կենտրոն, քան Երեւանի որեւէ կլինիկա: Այս ծրագրի իրականացումից հետո զգալի նվազել է սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով մահացությունների թիվը, ինչը շատ ուրախալի է:
Նախարարությունը բազմիցս իրազեկող միջոցառումներ է կազմակերպում` ազգաբնակչությանը այս ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: «Գյումրի ԲԿ»-ն եւս միացել է իրազեկող ծրագրերին: 2015 թվականից հրատարակում ենք փոքր ծավալով տեղեկատվական գրքույկ, որն իր մեջ պարունակում է հանրամատչելի տեղեկատվություն ազգաբնակչության համար` «Կյանքի ստենտ» ծրագրի վերաբերյալ:
Կարծում եմ, որ ազգաբնակչությունը գոհ է, քանի որ մեզ դիմում են ոչ միայն Շիրակի, այլեւ Արագածոտնի, Արմավիրի եւ Լոռու մարզի բնակիչները:
– «Գյումրի» բժշկական կենտրոնն էլ ի՞նչ ձեռքբերումներ է գրանցել 2015-ին:
– Կլինիկան համալրվել է նոր մասնագետներով: 2013-ից մինչեւ 2015 թվականը աշխատանքի են ընդունվել այնպիսի բժիշկներ, որոնք ընդհանրապես Շիրակի մարզում երկար տարիներ կամ ընդհանրապես չեն եղել: Մասնավորապես կարող եմ առանձնացնել` պլաստիկ, կրծքային վիրաբույժներին, երկրորդը` նյարդավիրաբույժին, որը, ի դեպ, սիրիահայ է:
– Ի՞նչ նոր սարքավորումներով է հագեցել Ձեր կենտրոնը վերջին տարիներին:
– Ներկայում հիվանդանոցում շահագործվում են նոր սերնդի սարքավորումներ, որոնք ապահովում են առավելագույն որակի ախտորոշումներ: Հատկապես կարող եմ նշել` համակարգչային տոմոգրաֆիան, հեմոդիալիզի սարքավորումները, ուլտրաձայնային եւ ուլտրաձայնային դուպլեքս սարքերը, սթրեսային թեստային համակարգը, անգիոգրաֆիայի սարքավորումը, ինչպես նաեւ ուզում եմ առանձնացնել դենսիտամետրիան, որը հնարավորություն է տալիս չափել ոսկրահյուսվածքային խտությունը: Նշեմ, որ մարզային բժշկական կենտրոններից միայն մենք ունենք այս ախտորոշիչ սարքավորումը, որը նվիրաբերել է բժշկության եւ դեղագործության պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:
– Տեղյակ ենք, որ 2015թ. հուլիսից բուժքույրերի վերապատրաստման հնարավորություններ է ընձեռում բժշկական կենտրոնի տնօրինությունը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
– Վերապատրաստումների ծրագրով համագործակցում ենք մի շարք միջազգային եւ տեղական առողջապահական կազմակերպությունների հետ: 2016 թվականից համագործակցության նոր փուլ ենք սկսելու ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հենց Գյումրի բժշկական կենտրոնում բուժքույրական անձնակազմի համար կազմակերպել սեմինարներ եւ գործնական աշխատանքներ: Սա հնարավորություն կտա միջին բուժանձնակազմին ստանալ ժամանակակից գիտելիքներ` բարձրորակ սպասարկում ապահովելու համար:
– 2015թ. ընդհանուր գնաճի ֆոնին Ձեր կենտրոնում փոփոխություններ չեն գրանցվել: Դա ինչ-որ կերպ ազդե՞ց դիմելիության բարձրացման վրա:
– Հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալական վիճակը` փորձել ենք հնարավորության դեպքում բժշկական ծառայությունների գները չբարձրացնել: 2015 թվականի ընթացքում վճարովի ծառայություններից օգտվել է 1588 հիվանդ, որոնց կատարած վճարումները հասել է 328,3 մլն-ի, իսկ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն է ստացել 6157 քաղաքացի: Այս տվյալները, մեր ունեցած հնարավորությունների համեմատ, համարում եմ բավարար:
– 2015թ. Ձեր կենտրոնն արժանացել է «Հուսո աստղ» մրցանակի` տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ անվանակարգում: Կարեւո՞ր մրցանակ էր Ձեզ համար:
– Այո, 2015 թվականի «Հուսո աստղ» մրցանակաբաշխության ժամանակ «Գյումրի» բժշկական կենտրոնն արժանացավ տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ մրցանակին: Այս մրցանակի նշանակությունը այնքանով եմ կարեւորում, որ անվանակարգին արժանացնելու համար «Համազգային վստահության խորհուրդը» հարցումներ էր կատարել քաղաքացիների եւ ԶԼՄ-ների շրջանում: Կարեւորում եմ լրատվամիջոցների հետ աշխատանքը, որը ապահովվում է մաքսիմում թափանցիկություն: Այդ համագործակցությունը առավել նպատակային շարունակելու համար 2015 թվականին ստեղծվեց «Գյումրի» բժշկակակն կենտրոնի Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը:
– Ճանաչողական այցով «Գյումրի» ԲԿ-ում կազմակերպվում են հանդիպումներ անվանի մասնագետների հետ: Ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում նման միջոցառումները:
– Փորձում ենք ավելի հաճախ կազմակերպել նման հանդիպումները, գոնե ամիսը մեկ անգամ, որի արդյունավետությունը զգալի է: Հավելեմ, որ, մասնավորապես 2015 թվականի ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոն են այցելել ԱՄՆ-ի` Ֆրեզնո քաղաքից ժամանած բժիշկների խումբը, ովքեր Հայաստան էին ժամանել ՀՀ նախագահի եւ առողջապահության նախարարի հրավերով: Ամռան ամիսներին փորձի փոխանակման նպատակով մեր կլինիկա էինք հրավիրել ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում դասավանդող եւ հայտնի կլինիկաներում աշխատող բուժքույրերի, ովքեր ունեն պրոֆեսորի աստիճաններ:
– Տեղյակ ենք նաեւ, որ պատրաստվում եք առցանց խորհրդատվության ծրագիր իրագործել: Որքանո՞վ եք կարեւորում ծրագրի ստեղծումը:
– 2014 թվականից գործում է «Գյումրի» բժշկական կենտրոնի պաշտոնական վեբ-կայքը` www.Gyumrimc.am: Վերջինս լավ հնարավորություններ է ընձեռում այցելուին ծանոթանալ, ինչպես բժշկական կենտրոնի կողմից մատուցվող վերոնշյալ բարձրակարգ ծառայություններին, այնպես էլ ծառայություններն իրականացնող որակյալ մասնագետների հետ: Վեբ-կայքում գործում է ավելի քան 38 բաժին: Հատկանշական է առանձնացնել «Հարց բժշկին» բաժինը, որը հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով եւ անվճար ստանալ ցանկացած հարցի պատասխան: Առցանց խորհրդատվության տրամադրումը համարում եմ ժամանակակից ձեւ, եթե իրականացվում է գրագետ տարբերակով: Սա հնարավորություն կտա, նախ, որ հիվանդը խնայի ժամանակը, ինչ-որ տեղ խնայի նաեւ ֆինանսական միջոցները եւ ամենակարեւորը` մեր խորհրդատվությունից հետո կողմնորոշվի, թե որ մասնագետին պետք է դիմել:
Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
Լուսանկարները` Gyumrimc.am-ի
Աղբյուրը` «Զարուհի» ամսագիր. հատուկ համար -2016 (Ով ով է առողջապահությունում)