«Գյումրի» բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) ծառայությունը գործում է 2012 թվականից: Ծառայությունը հագեցված է ժամանակակից տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշման և բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտրը՝ նորագույն մեթոդների կիրառմամբ:
Մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից:
ՔԿԱ բաժանմունքում կատարվում են պլանային վիրաբուժական միջամտություններ քթի խոռոչի, քթի հարակից խոռոչների, կոկորդի ախտաբանությամբ հիվանդներին: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից, հաճախ՝ քիչ ինվազիվ եղանակներով:
ՔԿԱ հիվանդներին շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:
Մանրամասն նախավիրահատական նախապատրաստումը և բարձր որակավորված ցավազրկումը թույլ են տալիս նվազագույնի հասցնել հետվիրահատական բարդությունները:
Հագեցած վիրահատարանում, որտեղ կա գերժամանակակից էնդոսկոպիկ սարքավորում, բաժանմունքի մասնագետները՝ կիրառելով նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաները, կատարում են հետևյալ միջամտությունները.
- քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS),
- քթի խոռոչի պոլիպների հեռացում,
- կոնխոտոմիա կամ տուրբինէկտոմիա (քթի խեցիների հեռացում),
- ստորին քթային խեցիների էնդոսկոպիկ վազոտոմիա,
- քթային խեցիների էլեկտրակոագուլյացիա,
- քթի միջնապատի թեքվածության շտկում,
- ադենոիդէկտոմիա (ադենոիդ վեգետացիաների հեռացում),
- տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում),
- արտաքին քթի ռեկոնստռուկտիվ վիրահատություններ (ռինոպլաստիկա),
Ծառայության բժիշկները խորհրդատվական օգնություն են ցուցաբերում համաբուժարանից ուղեգրված դժվար ախտորոշվող հիվանդներին, ինչպես նաև շարունակում են հիվանդների հսկողությունը ՔԿԱ-ստացիոնարից դուրս գրվելուց հետո: