Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ընդհանուր տեղեկություններ / Ինչու՞ են դեղերը կայունություն ձեռք բերում. 2-րդ մաս

Ինչու՞ են դեղերը կայունություն ձեռք բերում. 2-րդ մաս 27.04.2016

Սկիզբը` Ինչու՞ են դեղերը կայունություն ձեռք բերում. 1-ին մաս

 

Կտրուկ կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման ու, համապատասխանաբար, գործնական բժշկության մեջ ներդրման գործընթացը: Օրինակ, եթե 1983-ից մինչև 1987 թվականը ներդրվել է 16 նոր հակաբիոտիկ, ապա 1987-ից 2002 թվականը՝ 7 հակաբիոտիկ:
Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնաբերման տարեթվից մինչև 70-ական թվականները հակաբիոտիկների տասնյակից ավել խմբեր հայտնագործվեցին, իսկ 21-րդ դարում հայտնագործվել է հակաբիոտիկների ընդամենը 2 խումբ. 2000 թվականին՝օքսազոլիդոնները և 2003-ին՝լիպոպեպտիդները:


Ամփոփելով, կարելի է ասել, որ դեղակայունությունից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հակամանրէային դեղերով բուժման հետևյալ կանոնները.


1.  Հակաբիոտիկներովբուժման և հակաբիոտիկաթերապիայի անհրաժեշտությունը միայն բժիշկն է որոշում: Ցավով պետք է նշել, որ վերջին տարիներին սուր շնչառական վիրուսային հիվանդությունների բուժման համար հակաբիոտիկների անհիմն նշանակումը` հատկապես մանկական պրակտիկայում, կայունության ձևավորման առաջատար գործոններից է: Գրիպի մրսածության ժամանակ հակաբիոտիկների նշաբնակումն ու կիրառությունը լայնորեն տարածված են, չնայած այն հայտնի փաստին, որ վերին շնչուղիների սուր վարակների 95 տոկոսը հրահրվում է ոչ մանրէածին հարուցիչներով: Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետազոտությունների համաձայն ապացուցվել է, որ մրսածությամբ հիվանդների հակաբիոտիկների ստանդարտ կիրառումը միանգամյան անօգուտ բուժում է:


2.  Եթե կա հակամանրէային բուժման անհրաժեշտություն, ապա պարտադիր պետք է որոշել այդ հիվանդության հարուցիչը, քանի որ դա է հակամանրէային դեղերի ռացիոնալ բուժման հիմնաքարը. Համամանրէային դեղը նշանակել միայն հարուցչի հանդեպ զգայունությունը որոշելուց հետո:


3.   Հարուցչի ճիշտ որոշումը դեղի ճիշտ ընտրությունն է: Իհարկե, շատ արդյունավետ է բուժումը սկսել` ունենալով ցանքսի տվյալները: Սակայն ոչ միշտ է դա հասանելի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կյանքին սպառնացող վիճակներին՝ սեպտիցեմիաներ, պերիտոնիտ, ծանր թոքաբորբեր, երբ բուժման անգամ կարճատև ուշացումը կարող է մահացու ելք ունենալ: Նման դեպքերում բուժումը սկսում են լայն սպեկտրի հակաբիոտիկներով՝ հիմնվելով հիվանդության պատմության, կլինիկական ախտանիշների վրա, ընդ որում, թույլատրելի բարձրագույն դեղաչափերով՝ աստիճանաբար իջեցնելով այն:


4.   Բուժման կուրսը չի կարելի ավարտել ժամկետից շուտ, եթե նույնիսկ հիվանդության ախտանիշները նկատելի չեն, կամ վերացել են: Հակամանրէայինդեղերով բուժման կուրսը սովորաբար 5-7 օր է, երբեմն` 10 օր:


Վերոնշյալներից զատ, կան նաև անուղղակի այլ գործոններ, որոնց կիրառումը կարող են կանխել դեղակայունությանառաջացումը: Իրավիճակը բարդանում է այն փաստով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, դեղերը վաճառվում են առանց դեղատոմսի:

Դեղակայունություն առաջացնող անուղղակի գործոններից են նաև գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների անհարկի օգտագործումը: Օրինակ, Եվրոպայում 1 կգ միս ստանալու համար միջինն օգտագործում են 100 մգ հակաբիոտիկ: Փաստորեն, նույնիսկ առողջ մարդը, իր կամքին հակառակ, ստիպված է սննդի հետ, թեկուզ փոքր չափաբաժիննով, հակաբիոտիկ ընդունել:


Խանում Գևորգյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր դեղագետ