Նյարդային հիվանդությունների առաջացման պատճառներ կարող են լինել սթրեսային վիճակները, լարվածությունը, ոչ նորմալ քնի եւ հանգստի ռեժիմը, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահումը, օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուսային հիվանդությունները (խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ, հերպես եւ այլն), քիմիական նյութերից թունավորումները, գլխի շրջանի վնասվածքները, անոթային համակարգի խնդիրները, ներքին օրգանների հիվանդությունները, թերսնումը, վիտամինների պակասը, անկանոն սնվելը: Հիվանդության առաջացմանն առավելապես նպաստում են վիտամին B խմբի եւ E-ի բացակայությունը:
Եղանակային փոփոխություններն ազդում են մարդու տրամադրության եւ հոգեվիճակի վրա: Անոթային խնդիրներ ունեցողների մոտ հնարավոր են զարկերակային ճնշման տատանումեր՝ անոթային սպազմ, որն իր հերթին կարող է առաջ բերել նյարդային համակարգի որոշակի խանգարումների
:
Սննդակարգը պետք է լինի վիտամիններով, սպիտակուցներով, ածխաջրերով հագեցած: Անհրաժեշտ է կանոնավոր սնվել, կարգավորել քնի եւ հանգստի ռեժիմը, զբաղվել սպորտով, երեկոյան ժամերին զբոսնել: Քրոնիկական հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղորայքը՝ առանց ընդհատման: Խորհուրդ է տրվում հնարավորինս առիթներ փնտրել` ապահովելու լավ տրամադրություն, քանի որ կանխարգելումը միշտ առավել հեշտ է, քան բուժվելը: Խնայեք ձեր նյարդերը:
Սիրանուշ Հարությունյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբան