Գյումրի բժշկական կենտրոն

ՙՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿ «ՄՐՑԱՆԱԿԸ» ԳՅՈՒՄՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

ՙՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿ «ՄՐՑԱՆԱԿԸ» ԳՅՈՒՄՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ 15.01.2016

Առողջապահության զարգացման տեմպերը շարունակ նոր պահանջներ են սահմանում ոլորտի կառույցների համար: Այս համատեքստում, արդի միտումներին համընթաց, Գյումրի բժշկական կենտրոնում առանձնահատուկ կարևորություն ունեցավ «Կյանքի ստենտ» ՀՀ նախագահի ծրագիրը, որը ՀՀ ԱՆ կողմից ներդրվեց 2015-ի հունվարի 1-ից: Այն ուղղված է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ մատուցելուն: Նախապես ընտրված բժշկական կենտրոններում եռամսյա փուլով իրականացվող այս ծրագրի ժամանակահատվածում շնորհիվ Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի և մասնագիտական անձնակազմի գործնական հմտության` այս տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը կատարվել է 18 պացիենտի սրտի անհետաձգելի վիրահատություն, ովքեր 36-86 տարիքային խմբում են:

 

2015 թ. ընթացքում իրականացվել է 51 ոչ դեղապատ ստենտավորում: Այնուհետև, Առողջապահության նախարար Ա. Մուրադյանի գլխավորությամբ ստորագրվեց նոր փոխըմբռնման հուշագիր մինչև սույն թվի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածով: Տնօրեն Արմեն Իսահակյանի հաղորդմամբ` «Կյանքի ստենտ» ծրագիրը նկատելիորեն նվազեցրեց մահացությունների թիվը Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում: Այս ծրագրի մասին քաղաքացիներին հաղորդակից դարձնելու նախարարության տարաբնույթ իրազեկման եղանակներին միացավ նաև տնօրեն Ա. Իսահակյանի  մտահղացմամբ տեղեկատվական գրքույկի հրատարակումը, որի հեղինակն է բուժհիմնարկում և ոլորտում լավագույն միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանը: Բուժհիմնարկի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանի հաղորդմամբ` իրազեկող այս գրքույկները տրամադրում են ո՛չ միայն  քաղաքացիներին, այլ նաև այլ բուժհաստատությունների սրտաբաններին:

 

Վերջերս տնօրեն Ա. Իսահակյանը և միջամտական սրտաբան Կ. Միքայելյանը եղել են Աշոցքի ՙՏիրամայր Նարեկ՚ բուժկենտրոնում և գործնական հանդիպում ունեցել տեղի մասնագետների հետ: Այսօրինակ հանդիպումներ են սպասվում Գյումրու պոլիկլինիկաների, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի սրտաբանների հետ: Այսպիսով, պացիենտն այս ծրագրի մասին կծանոթանա նաև ընտանեկան բժշկից, ինչպես նաև այցելելով բուժհիմնարկի պաշտոնական վեբ կայք` gyumrimc.am:


Նշենք, որ, քաղաքակիրթ բուժսպասարկմանն ընդառաջ, 2015-ից անցել են ծառայությունների մատուցման պայմանագրային համակարգին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. փետրվարի 1-ի N104-Ա հրամանի հավելվածի: Տնօրենի գնահատմամբ‘ այս ծրագրի ներդրումը նպաստեց բուժկենտրոնի կողմից ավելի պատշաճ որակով ու բժշկական ցուցումների համաձայն անհրաժեշտ ծավալով ծառայությունների մատուցմանը, ինչի դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել պայմանագրով սահմանված չափով ու կարգով: Ա. Իսահակյանի հետևողականությամբ կարևոր  ձեռքբերում է նեղ մասնագետներով համալրումը բուժկենտրոնում, ինչպես օրինակ` ամռան ամիսներին աշխատանքի ընդունվեց կրծքային վիրաբույժը: Մեկ տարվա ձեռքբերումների առհավատչյան բուժկենտրոնին տրվող պարգևներն են:  Համաձայն «Համազգային վստահության խորհրդի» քաղաքացիների և ԶԼՄ-ների շրջանում կատարած հարցումների» 2015 թ. «Հուսո աստղ» մրցանակաբաշխության ժամանակ «Գյումրի բժշկական կենտրոնն» արժանացավ «Տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ» մրցանակին: Ի կարևորումն լայն հասարակության իրազեկման ու գործունեության առավել թափանցիկության` այս տարի բուժկենտրոնում Ա. Իսահակյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը: Ուշագրավ է նաև այն, որ կենտրոնը գերազանցել է մեկ տարվա կտրվածքով հատկացված պետպատվերի շրջանակում իրականացվելիք բուժսպասարկումը, որի արդյունքում ՀՀ ԱՆ կողմից  կրկին ֆինանսավորվել է: Հավելենք, որ այս տարվա ընթացքում այստեղ բուժվել է 7350 հիվանդ, որից 5830-ը` պետպատվերի շրջանակում:


Ներկայում լուրջ խնդիրներ չունեն` կապված սարքավորումների կամ մասնագետների բացակայության հետ: Այնուհանդերձ, ձգտում են թարմացնել ակնաբուժական ծառայության մի քանի սարքավորումներ՝ ճեղքային լամպ, պերիմետր և ավտոռեֆարակտոմետր, որոնք 10 տարվա վաղեմություն ունեն: Թեպետ ծառայության վիրահատարանն ապահովված է առաջին անհրաժեշտության վիրահատական սարքավորումներով և գործիքներով, այդ թվում` միկրոսկոպով:

 

Տեղական ու միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ գործակցության շրջանակում բուժհիմնարկի մասնագետները հնարավորություն են ստանում անցնել մասնագիտական խորը վերապատրաստումներ եվրոպական առաջատար կազմակերպություններում:Հեռահաղորդակցության բարձրորակ հնարավորություններով հագեցված աշխատասենյակներում ուղիղ տեսակապով քննարկումներ են իրականացնում տեղական ու արտերկրյա մի շարք բուժկազմակերպությունների հետ:

 

Վերջերս «Շիրակ Հայրենակցական միավորում» ՀԿ հետ համագործակցության շրջանակներում իրականացրեցին «բաց դռների» օրեր, որոնց ընթացքում 361 քաղաքացի հետազոտվեց բոլոր մասնագիտություններով: Տնօրենի հաղորդմամբ` 2016 թվականից համագործակցության նոր փուլ են սկսելու ՀՀ ԱՆ և ԱԱԻ հետ, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի բժշկական կենտրոնի բուժքույրական անձնակազմի համար սեմինարների ու գործնական աշխատանքների կազմակերպում:


Աղբյուրը՝

«Գործընթաց» շաբաթաթերթ