Միզաքարային հիվանդությունը դրսեւորվում է միզուղիներում քարերի առաջացումով: Այս հիվանդության առաջացմանը նպաստում են երկու գործոններ՝ էկզոգեն եւ էնդոգեն:
Էկզոգեն գործոններ են՝ անկանոն սննդակարգը, երբ օրգանիզմում շատանում են սպիտակուցները, նվազում են հեղուկները, պակասում վիտամինները եւ նվազագույն դառնում շարժունակությունը: Հիվանդության առաջացման հարցում դերակատարություն ունի տարիքը, սեռը, մասնագիտությունը, ռասսան, էկոլոգիան, կլիման, որոշ դեղորայքների օգտագործումը:
Էնդոգեն են համարվում գենետիկական գործոնը, միզուղիների ինֆեկցիան, միզուղիների անատոմիական փոփոխությունները, որոնց արդյունքում խանգարվում է մեզի արտահոսքը` առաջ բերելով հորմոնային, նյութափոխանակության եւ անոթային խանգարումներ մարդու օրգանիզմում ու երիկամներում:
Միզաքարային հիվանդության առաջացումը կանխելու համար պետք է անհապաղ նյութափոխանակության խանգարումների դեմ ուղղված միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաեւ անհրաժեշտ է կարգավորել սննդի ռեժիմը:
Խորհուրդ է տրվում սնվել վիտամիններով հարուստ ուտելիքով, հավասարաչափ եւ բազմաբնույթ սննդատեսակներով: Պետք է օգտագործել մսային, կաթնային, բուսական ծագում ունեցող մթերքներ, այդ թվում՝ սպիտակուցներ, ճարպեր եւ ածխաջրեր: Վերոնշյալ սննդատեսակներից որեւէ մեկը չչարաշահել: Ցանկալի չեն աղի, կծու, թթու ուտեստները:
Պարտադիր է հեղուկների օգտագործումը` օրական 1,5-2 լիտրից ոչ պակաս: Օգտակար է եռացրած ջրի, թեյի եւ ձմերուկի օգտագործումը: Խորհուրդ է տրվում նաեւ զերծ մնալ գազավորված եւ ալկոհոլային ըմպելիքներից:
Կարեն Այվազյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի ուրոլոգ