Վահանաձեւ գեղձի հիվանդությունները 5-7 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Վահանաձեւ գեղձի պաթոլոգիաների մեծ մասն առաջանում է յոդի պակասից կամ ավելցուկից: Վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդն անհրաժեշտություն է եւ դրա պակասը, ինչպես նաեւ ավելցուկը, կարող են ազդել ուղեղի աշխատանքի, իմունային համակարգի, ինտելեկտի մակարդակի վրա: Վահանաձեւ գեղձի հիվանդությունը կարող է փոխանցվել նաեւ ժառանգաբար: Եթե ընտանեկան պատմության մեջ կան հարազատներ, ովքեր տառապել են խպիպ (զոբ) կամ այլ հիվանդություններով, ապա պետք է կրկնակի զգոն եւ զգույշ լինել։
Յոդի պակասի հետեւանքով առաջացող վահանաձեւ գեղձի հիվանդությունները կանանց մոտ ավելի հաճախ են պատահում, քան` տղամարդկանց: Սա պայմանավորված է նրանով, որ կանայք առավել են ենթարկվում տարատեսակ հորմոնալ խախտումների, նրանց օրգանիզմը շատ զգայուն է ցանկացած հորմոնալ փոփոխությունների նկատմամբ եւ դրանց ավելի սուր է արձագանքում, քան տղամարդկանց ավելի «հանգիստ» օրգանիզմը: Հենց այս պատճառով յոդի անբավարարությունը հաճախ խնդիրներ է առաջացնում կանանց, այլ ոչ տղամարդկանց վերարտադրողական համակարգում:
Յոդի անբավարարության նկատմամբ առավել զգայուն են հղի կանայք, քանի որ այդ շրջանում կնոջ հորմոնալ համակարգը բավականին լուրջ փորձությունների է ենթարկվում: Բացի այդ՝ 16-17 շաբաթականից սկսում է զարգանալ պտղի վահանաձեւ գեղձը, եւ պտուղը յոդը վերցնում է մոր օրգանիզմից:
Խորհուրդ է տրվում սննդակարգում ընդգրկել ծովամթերք, ծովային բանջարեղեն՝ ջրիմուռներ, կաղամբ: Բնակչության մեջ կա տարածված կարծիք, որ, եթե կանաչ վիճակում կուլ տան ընկույզը, ապա վահանաձեւ գեղձի հիվանդությունները կբուժվեն: Սա սխալ մոտեցում է, քանի որ այդ դեպքում ստամոքսում կառաջանան այլ խնդիրներ:
Գեւորգ Նիկողոսյան «Գյումրի» բժշկական կենտրոնի ներզատաբան (էնդոկրինոլոգ)