Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Կլինիկական դեպքեր / Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք 25.08.2014

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց:

 

Դեպքը պատահել է 2008թ. մայիսի 18-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից 10-12 կմ դեպի հյուսիս, Կապուտան գյուղի դիմաց ընկած հատվածում: Ժամը 13-ին եղանակը պարզ, արևոտ էր: Այս անգամ oձը երկու ատամներով կծել էր աջ ձեռքիս 1-ին և 2-րդ մատները (բութ մատս և ցուցամատս): Դա իմ աշխատանքային գործունեության ընթացքում 14-րդ և ամենածանր թունավորումն էր: Օձի մարմնի երկարությունը` 105 սմ էր: Վերքից ոչ մեծ քանակությամբ արյուն էր հոսում: Անմիջապես սկսեցի բերանով թույնը ծծել և թքել: Ցուցամատիս վերքի վրա մնացել էր ջարդված ատամի կտորը, որը դուրս եկավ արյան հետ: Մոտ երկու րոպե հետո մատներիս շրջանում ուժեղ ցավ սկսվեց: Այնուհետև ձեռքս այտուցվելու հետ ցավը սկսեց տարածվել դաստակով դեպի վեր: Քայլելիս զգացի, որ հավասարակշռությունս սկսեց խախտվել: Արտասահմանցի ուղեկցիս` Ջեֆը մեքենայից հանեց վակուումային ծծիչ սարքը և փորձեց արտածծել թույնը, սակայն վերքից արդեն արյուն դուրս չէր գալիս: Աշխատանքը շարունակելն անհնարին էր և մոտ 10 րոպե հետո շարժվեցինք դեպի Երևան: Նույն այդ պահին երիկամների ուժեղ նոպա սկսվեց, որը ոչ մի րոպե չէր դադարում: Ամենայն հավանականությամբ, դա կապված էր նախկինում երիկամումս եղած քարերի հետ: Մեքենան քշելիս ձեռքս ուժեղ ցավում էր, բայց մինչև Սևան-Երևան ընդհանուր մայրուղի դուրս գալը ինքնազգացողությունս այդքան էլ վատ չէր: Այստեղ արդեն աչքերիս առաջ տեսադաշտը սկսեց լողալ: Կանգ առանք և մեքենան սկսեց վարել մյուս ուղեկիցս` Գոռը: Անսպասելի սրտխառնոց ու փսխում սկսվեց, հետ տվեցի: Զանգեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս Սիլվա Ամիրյանին և որդուս` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լևոն Աղասյանին: Բուժման համար անհրաժեշտ միջոցների մասին պատվիրեցի Ս. Ամիրյանին: Հանրապետական հիվանդանոցի թունավորումների բաժանմունքում ձեռնարկեցին առաջին բժշկական օգնությունը. ներերակային` Ռինգերի լուծույթ, ֆիզլուծույթ` կալցիումի քլոր, միզամուղներ, սրտի աշխատանքը և զարկերակային Ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, ցավազրկողներ` անալգին/դիմեդրոլ, անտիբիոտիկներից` ցեֆազոլին: Ձեռքիս ամբողջ մակերեսի վրա քսեցին հեպարինի քսուք` մատներից մինչև ուսագոտին, այսինքն` կատարվում էր սիմպտոմատիկ բուժում: Ձեռքիս այտուցը աստիճանաբար տարածվում էր դեպի վեր և երեկոյան հասավ մինչև ուսագոտին, իսկ առավոտյան այտուցվել էր նաև մարմնիս ամբողջ աջ մասը` մինչև գոտկատեղը: Գիշերը ձեռքիս և երիկամներիս ցավից չէի կարողանում քնել: Երեկոյան բութ մատիս առաջին ֆալանգի մաշկի վրա նեկրոզի երևույթներ և բշտեր առաջացան: Ջերմությունս 37,40C էր: Աջ (կծած) ձեռքիս այտուցված հատվածի ջերմությունն անհամեմատ բարձր էր ձախինից: Զարկերակային արյան ճնշումս 80/40 մմ/սս էր, պուլսս մեկ րոպեում` 95-106 զարկ:

 

 

19.05.2008թ.: Ամբողջ գիշեր ցավերը չէին դադարում: Հաճախակի ցավազրկողներ էին սրսկում, սակայն ապարդյուն: Ձեռքիս բազկի և նախաբազկի վրա կարմիր և սև հատվածներ էին հայտնվել, որոնք նախադաստակի սկզբնամասից կոշտացած և փոքրիկ կոշտուկների տեսք ունեին, շարունակվում էին 15-20 սմ ցած, իսկ մնացած հատվածն ամբողջովին այտուցված էր: Բուժումը նույնն էր, ինչ նախորդ օրը, բայց ես հրաժարվեցի հեպարին քսելուց: Ձեռքիս և նույնիսկ մարմնիս հատվածների դիրքի փոփոխելն ահավոր ցավ էր պատճառում: 

 

20.05.2008թ.: ՈՒռուցքն ավելի էր մեծացել, այտուցները շատացել և մաշկիս գույնը ավելի մգացել: Ներարկումները փորձում էին կատարել փոփոխակի, մաս-մաս, լուծույթում դեղը նոսրացնելու նպատակով: Շատ ցավոտ էր անտիբիոտիկների և անալգին/դիմեդրոլի խառնուրդի ներարկումը: Օրվա վերջում այտուցները սկսել էին պակասել, սակայն ամբողջ ձեռքիս մկանների և հոդերիս ցավերը չէին մեղմանում: Դրանք զուգորդվում էին ձեռքիս մեջ երբեմն ի հայտ եկող էլեկտրական հոսանքից առաջացող ցավի զգացման հետ և մեղմանում էին միայն դիկլոֆենակ սրսկելուց հետո: Երեկոյան կաթիլային ներարկման համակարգն անջատեցին:

 

21.05.08թ.: Հիվանդության պատմության մատյանում գրանցվեց հետևյալը. ՙԱյտուցն այլևս չի մեծանում, սակայն չի էլ փոքրանում, իսկ ձեռքի սևությունն ավելի է տարածվում: Բութ մատի վրա նեկրոզված բշտիկը ծակելուց հետո ցավը մեղմանում է, բայց մի քանի ժամ անց բուշտը նորից է լցվում հեղուկով և ցավը սաստկանում է՚: Ժամանակ առ ժամանակ բուշտը նորից ծակելու կարիք էր զգացվում: Ժամը 16-ին բժիշկների խորհրդին հակառակ` հիվանդանոցից դուրս գրվեցի: 

 

22.05.08թ.: Տանը գիշերը ցավերը վերսկսվեցին և թուլանում էին միայն դիկլոֆենակ ընդունելուց հետո: Կետորոլակը չէր օգնում, ուստի միայն դիկլոֆենակ և անտիբիոտիկ էի սրսկվում և ձեռքիս հեպարին էր քսվում: Այտուցն ու կարմրությունն աստիճանաբար սկսեցին պակասել: Բուժումը շարունակվեց մայիսի 23-ին և 24-ին:

 

24-ին առավոտից միչև երեկոյան ժամը 21-ը միացված էր հեղուկներ ներարկող համակարգը, այդ ընթացքում 2-ական դեղաչափ Ռինգերի և Ֆիզիոլոգիական լուծույթներ ընդունեցի:

 

25.05.08թ.: Անտիբիոտիկային և հեպարինային բուժումը շարունակվում էր: Ցավերը միայն ցավազրկողների միջոցով էին հանգստանում: Ուռուցքը և այտուցները աստիճանաբար իջնում էին, կողային հատվածի ուռուցքը դեռ կար և քայլելիս զգացնել էր տալիս:

 

26-ին և 27-ին այտուցները պակասել էին, բայց դեռ ստիպված էի ցավերը մեղմացնելու համար օրը 3 անգամ դիկլոֆենակի (50մգ) հաբեր ընդունել, հեպարինը քսում էի օրը 2 անգամ:

 

Հաջորդ օրն ինքնազգացողությունս համեմատաբար լավ էր, չնայած բութ մատիս ցավը և անզգայունության երևույթները շարունակվում էին: Դաստակիս և ձեռքիս մկանային ու հոդային ցավերը տանելի էին դարձել, սակայն որպես սողունաբանի` հարցն ինձ համար դեռևս ավարտված չէր: Ջեֆի և Գոռի հետ նորից գնացինք Աբովյան: Բռնեցի ինձ կծած օձին նույն դեպքի վայրում, որին ճանաչեցի ջարդված ատամով, մանրամասն ուսումնասիրելուց և նկարագրելուց հետո բաց թողեցի: 

 

28.05.08 - 23.06.08թթ. ընկած ժամանակահատվածում խմել եմ կետոնալ, այտուցված ձեռքիս քսել հեպարին` օրը 2 անգամ, նեկրոզված աջ ձեռքիս բութ մատի եղունգի հատվածը մշակել ռիվանոլի թրջոցներով և ֆուրացիլինի քսուքով: Հաջորդ օրերին ձեռքիս ցավերը, ինչպես նաև դաստակիս և բութ մատիս այտուցվածությունն ու անզգայունությունը դեռևս պահպանվում էին: Բուժումը շարունակում էի այրվածքների կենտրոնում: 

 

Ներկայումս որպես հետևանք բութ մատիս առաջին ֆալանգի անզգայունությունը պահպանվում է, իսկ եղանակային ցուրտ պայմաններում անզգայանում են և ցավեր են սկսվում նաև ցուցամատիս և բութ մատիս հոդից ցած ընկած հատվածում:

 

Հեղինակ. Արամ Աղասյան ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com