Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նա մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշերով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Առողջապահական այս հաստատություն Սերժ Սարգսյանն այցելել էր նաև ապրիլին և ծանոթացել հիվանդանոցային պայմաններին, առկա խնդիրների մասին զրուցել բուժանձնակազմի ու հաստատության ղեկավարության հետ: Նախագահը վստահեցրել էր, որ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ և հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով:
Այդ ուղղությամբ Սերժ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ էր տվել պատասխանատուներին: Այսօր նախագահը վերանորոգված հիվանդանոցում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Արդյունքում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաև արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն: