Ավիտամինոզը հիվանդություն է, որի պատճառն այս կամ այն կենսականորեն անհրաժեշտ վիտամինի բացակայությունն է օրգանիզնում, և կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ: Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վիտամինների այդպիսի պակաս ունենալ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք այս կամ այն պատճառով օրգանիզմը չի յուրացնում:
Առօրյա կյանքում մենք գործ ունենք այլ երևույթի հետ` հիպովիտամինոզի, այսինքն, մի վիճակի, որի պատճառն օրգանիզմում վիտամինների և միկրոէլեմենտների պակասն է: Հենց հիպովիտամինոզն է տկարության տարբեր դրսևորումների պատճառ դառնում, որոնք հատկապես ակտիվ արտահայտություն ունեն գարնանը:
Դա բնական է, քանի որ ձմռան շրջանում թարմ մրգերի ու բանջարեղենի պակաս կա, իսկ եղածներն այնքան էլ շատ վիտամիններ չեն պարունակում: Գարնան սկզբին թեև թարմ, բայց երկար պահված մրգերում և բանջարեղենում վիտամինների քանակը կրկնակի անգամ պակաս է: Արդյունքում, դեռևս ձմռանը սկսված վիտամինների ու միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում վաղ գարնանը հասնում է այն փուլին, երբ արդեն արտաքին դրսևորում է ստանում` գարնանային ավիտամինոզ:
Վիտամին A
A վիտամինի պակասն ուղեկցվում է էպիթելային բջիջները նորմալ վիճակում պահող գործընթացների խախտմամբ: Դա արտահայտվում է.
- մաշկի չորությամբ,
- մանր թեփոտությամբ,
- եղունգների վրա հորիզոնական ակոսների առաջացմամբ,
- մազերի չորությամբ և փխրունությամբ,
- լորձաթաղանթների էրոզիայով,
- նվազում է ստամոքսահյութի արտադրությունը,
- խախտվում է մթնշաղային տեսողությունը:
A վիտամին են պարունակում կարագը, գազարն ու բազուկը: