Ի՞նչ է պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկան
Պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկան ոչ վիրահատական միջամտություն է, որի ժամանակ պսակաձև զարկերակի նեղացած հատվածը լայնացվում է հատուկ բալոնային լայնիչների օգնությամբ:
Ի՞նչ է տեղի ունենում պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկայի միջամտության ժամանակ
Միջամտության սկիզբը նույնն է, ինչ կորոնարոգրաֆիայի ժամանակ.
- Բժիշկը կաթետրի օգնությամբ անց է կացնում շատ բարակ լար անոթի նեղացած հատվածի միջով (նկ. 7ա)։
- Այդ լարով բալոնային լայնիչը բժիշկը հասցնում է նեղացած հատվածին (նկ. 7բ)։
- Բալոնը լայնացվում է մի քանի անգամ, որի հետևանքով աթերոսկլերոտիկ վահանիկը սեղմում է անոթի պատին (նկ. 7 գ և դ)։
- Այդ ընթացքում կարող են առաջանալ հետկրծոսկրային կարճատև ցավեր։
- Միջամտության ընթացքում և նրանից հետո ներարկվում է արյունը նոսրացնող դեղորայք։
- Պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկայից հետո կատարվում է ստենտավորում (նկ. 8)։
Ի՞նչ է պսակաձև զարկերակների ստենտավորումը
Միջամտության ընթացքում անոթի ախտահարված հատվածում տեղադրվում է փոքր մետաղական կոնստրուկցիա (ստենտ) (նկ. 8ա), որը բալոնի միջոցով լայնացվում է մինչև նորմալ չափերի հասնելը (նկ. 8բ), ինչի շնորհիվ աթերոսկլերոտիկ վահանիկը սեղմվում է անոթի պատերին (մնում է անոթի պատի և ստենտի միջև) (նկ. 8գ) և վերականգնվում է անոթի նորմալ լուսանցքը, համապատասխանաբար` նաև արյան նորմալ հոսքը։ Բալոնը հանելուց հետո ստենտը մնում է անոթի լուսանցքում։
Լուսանկարներում երևում են պսակաձև անոթների ախտահարումները մինչև ստենտավորումը (նկ. 9) և ստենտավորումից հետո (նկ. 10)։
Ինչպիսի ստենտեր գոյություն ունեն և նրանց առանձնահատկությունները
Գոյություն ունեն մետաղական (ոչ դեղապատ), դեղապատ և ինքնալուծվող ստենտներ։
Քանի որ ստենտը մետաղական կոնստրուկցիա է, օրգանիզմը, որպես օտար մարմին, պայքարում է նրա գոյության դեմ, որի արդյունքում ստենտավորված հատվածի շրջանում անոթը կարող է կրկին նեղանալ (ռեստենոզ)։ Մետաղական ստենտների դեպքում կրկին նեղանալու հավանականությունը կազմում է 25-30%։
Դեղապատ ստենտը նույն մետաղական ստենտն է, որը պատված է հատուկ դեղորայքով, ինչն արտազատվում է 6 ամսվա ընթացքում և թույլ չի տալիս տվյալ հատվածում անոթի երկրորդային նեղացումը։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ դեղապատ ստենտները առավել արդյունավետ են, քան մետաղական ստենտները, որի պարագայում 5 տարվա ընթացքում կրկին նեղանալու (ռեստենոզի) հավանականությունը կազմում է ընդամենը 3-5%։
Ինքնալուծվող ստենտները ոչ մետաղական հատուկ ստենտներ են, որոնք նույնպես պատված են վերոնշյալ պաշտպանիչ դեղորայքով և տեղարումից հետո լուծվում են 3 տարվա ընթացքում։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ ինքնալուծվող ստենտներն արդյունավետ են և 5 տարվա ընթացքում կրկին նեղանալու (ռեստենոզի) հավանականությունը կազմում է 3-4%։
Ի՞նչ արդյունք է տալիս ստենտավորումը սուր ինֆարկտի ժամանակ
Սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորումը իջեցնում է մահացության և հնարավոր բարդությունների ռիսկը, եթե այն կատարվում է ինֆարկտը զարգանալու պահից (ցավ ունենալու) 12 ժամվա ընթացքում։ Արդյունքները շատ ավելի խոստումնալից են, եթե ստենտավորումը կատարվում է առաջին 6 ժամվա ընթացքում։
Ի՞նչ է կյանքի ստենտ (stent for life) ծրագիրը
Նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, Առողջապահության նախարարության ջանքերով, սույն թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում մեկնարկել է կյանքի ստենտ (stent for life) ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում սուր ինֆարկտով հիվանդներին, որն արտահայտվում է` ԷՍԳ փոփոխությամբ` ST սեգմենտի բարձրացմամբ, արյան մեջ սրտամկանի վնասումը բնորոշող ֆերմենտի` տրոպոնին T-ի բարձրացմամբ (տրանսմուրալ ինֆարկտներ), ինֆարկտի սկսվելու (ցավ ունենալու) պահից 12 ժամվա ընթացքում մետաղական (ոչ դեղապատ) ստենտներով ստենտավորումը կատարել պետպատվերի շրջանակներում:
Կարեն Միքայելյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան