Միջին ականջի սուր բորբոքումը վերին շնչուղիների ինֆեկցիաների հաճախակի բարդություններից է, հատկապես երեխաների մոտ: Սուր շնչառական վիրուսով հիվանդ երեխաների 18-20%-ի մոտ լինում է միջին ականջի սուր բորբոքում:
Կյանքի առաջին տարում երեխաների 62%-ը հիվանդանում է միջին ականջի սուր բորբոքումով, իսկ 17%-ի մոտ այն կրկնվում է մինչև իսկ երեք անգամ: Մինչև երեք տարեկան հիվանդանում են մոտավորապես 83%-ը, մինչև 5 տարեկանը` 91%-ը, իսկ մինչև 7 տարեկանը` երեխաների 93%-ը:
Միջին ականջը կապված է քթի խոռոչի հետ լսողական փողերի միջոցով: Քթի խոռոչի լորձաթաղանթը պատված է թարթչավոր էպրթելով, որի շարժումների միջոցով քթի խոռոչի լորձը մաքրվում է: Սուր շնչական հիվանդությունների ժամանակ վիրուսները և մանրէները, թափանցելով քթի խոռոչ, առաջացնում են քթի և քիթ-ըմպանի լորձաթաղանթի այտուց, կարմրություն, լորձի կուտակում, որն էլ իր հերթին բերում է լսողական փողի դիսֆունկցիայի, ինֆեկցիայի անցում միջին ականջ և նրա բորբոքման:
Կլինիկական պատկերը.
Առաջանում է ականջում ցավ, փակվածության և աղմուկի զգացում, լսողության իջեցում, աուտոֆոնիա: Նորածինների և մինչև մեկ տարեկան երեխաների մոտ արտահայտվում է անհանգստությամբ, քնի խանգարմամբ, լինում է հիվանդ կողմին պառկելու ցանկություն, հրաժարվում են սննդից: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38°C և ավելի: Բորբոքային գործընթացների դեպքում ցավն ուժգնանում է, ակնհայտորեն պակասում լսողությունը, խորանում է ինտոքսիկացիան: Մարմնի ջեմաստիճանը կայուն բարձր է (39°C), երեխան դառնում է ապատիկ, անուշադիր խաղալիքների հանդեպ, հրաժարվում է ուտելուց, խանգարվում է քունը, կարող է անդադար լացել: Միջին ականջի սուր բորբոքման այս փուլը կարող է փոխարինվել ադինամիայով, առաջանում են փսխումներ, կարճատև ցնցումներ:
Միջին ականջի խոռոչում թարախի կուտակման և ճնշման բարձրացման հետևանքով առաջանում է թմբկաթաղանթի պերֆորացիա (պատռվածք), որին հետևում է ականջից թարախային արտադրությունը: Միաժամանակ նվազում են ցավերը, մարմնի ջեմաստիճանն աստիճանաբար իջնում է, ինտոքսիկացիայի երևույթները նվազում են:
Եթե տեղի չի ունենում թմբկաթաղանթի պերֆորացիա և թարախը դուրս չի գալիս, առաջանում են օտոգեն բարդություններ (մաստոիդիտ, մենինգիտ և այլն):
Բուժումը
Ոչ դեղորայքային մեթոդներ
Նախնական փուլում, երբ դեռ թարախ չի ձևավորվել, որպես հակաբորբոքային և ցավազրկող մեթոդ , օգտագործում են տաքացնող կոմպրես հարականջային շրջանում, ուլտրագերհաճախականության թերապիա (УВЧ):
Դեղորայքային մեթոդներ
Նախնական փուլերում նշանակվում են ականջի կաթիլներ (տեղային ցավազրկող և հակաբորբոքային ) , քթի անոթասեխմիչ կաթիլներ (վերականգնում են քթային շնչառությունը և լսողական փողի անցանելիությունը): Կատարվում է քթի լվացումներ 0,9% ֆիզ. լուծույթով:
Ջերմիջեցնող դեղեր նշանակվում են 39 և բարձր ջերմաստիճանի դեպքում:
Համակարգային ազդեցության անտիբիոտիկներ նշանակվում են միջին ծանրության և ծանր օտիտների դեպքում, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխաներին, իմունոդեֆիցիտով հիվանդներին:
Վիրահատական մեթոդներ
Երբ տեղի չի ունենում թմբկաթաղանթի սպոնտան (ինքնուրույն) բացում, ինտոքսիկացիան գնալով աճում է, կատարում են թմբկթաղանթի պարացենտեզ (կտրվածք):
Կանխարգելումը
Առաջին հերթին վերին շնչուղիների հիվանդությունների կանխարգելումն է` սուր շնչական վարակների կանխարգելումը, անձնական հիգիենային հետևելը, օրգանիզմի կոփումը:
Երկրորդային կանխարգելումն իր մեջ ներառում է վերին շնչական ուղիների քրոնիկական հիվանդությունների սրացումների կանխարգելումը, քթային շնչառության վերականգնումը, հետևաբար, լսողական փողերի վենտիլացիոն ֆունկցիայի վերականգնումը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է քթում անատոմիական կառույցների խախտում ունեցող հիվանդներին, քիթ-ըմպանային նշիկի հիպերտրեֆիայով, հարքթային խոռոչներում և քմային նշիկներում քրոնիկական ինֆեկցիոն օջախ ունեցող հիվանդներին: Այդ իսկ պատճառով մեծ նշանակություն ունի ժամանակին քրոնիկական օջախի հեռացումը (կարիես, տոնզիլիտ, սինուսիտ):
Արմինե Մինասյան
<<Գյումրի բժշկակական կենտրոն>>-ի քիթ-կոկորդ-ականջաբան
․