Կյանքը դժվար է պատկերացնել առանց երաժշտության, հատկապես արդի ժամանակներում, երբ բազմաթիվ սարքավորումներ կան, որոնք հնարավորություն են տալիս վայելելու երաժշտությունը ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ չխանգարելով շրջապատին։
Ձայնի լարման միավորը համարվում է դեցիբերը (db)։
Ձայնի ուժգնությունը շրջապատի տարբեր իրավիճակներում.
- 200 (db)- մահացու ձայն
- 170 (db)- մարտական հրացանի ձայն
- 150 (db)-ատրճանակի կրակոցի ձայն
- 140 (db)-թռչող ինքնաթիռի ձայն
- 130/120 (db)-դիսկոտեկայի ձայն
- 100 (db)-վերանորոգման աղմուկի ձայն
- 90(db)-փողոցային աղմուկի ձայն
- 80 (db)-երեխայի լացի ձայն
- 70/60 (db)-օֆիսային աղմուկի ձայն
- 50/40 (db)-ընթերցասրահի աղմուկի ձայն
- 30 (db)- ննջարանի աղմուկի ձայն
- 20/10(db)- անտառի աղմուկի ձայն
Սանիտարահիգիենիկ նորմայով ցերեկային թույլատրելի աղմուկը 55-60 (db) է, գիշերայինը՝ 40։
Ականջակալներ օգտագործելիս մարդիկ ցանկանում են չլսել կամ չեզոքացնել շրջակա միջավայրի աղմուկն՝ ավելի բարձր ձայն լսելով, այդպիսով ախտահարելով սեփական լսողությունը։ Բոլոր տեսակի ականջակալները վտանգավոր են՝ հատկապես ներդիրներով տեսակները, որոնք ավելի մոտ են գտնվում թմկաթաղանթին։ Ականջակալներով թույլատրվում է լսել մոտավորապես 60 րոպե առավելագույնի 60 տոկոսի չափով։ Որքան երկարատեւ ու բարդ է ձայնը, այնքան արագ առաջանում է լսողական խանգարումը։ Եթե ականջակալներով դուք չեք լսում ձեր կամ շրջապատի ձայնը, ապա անցել եք նորմայի սահմանները։
Հետգրություն․ Ավելի հեշտ է պահպանել լսողությունը, քան վերականգնել այն կորցնելուց հետո։
Լուսիկ Ստեփանյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան