Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Խոլեսթերինի ազդեցությունը սրտի իշեմիկ հիվանդության վրա

Խոլեսթերինի ազդեցությունը սրտի իշեմիկ հիվանդության վրա 24.11.2015

Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով ավելի շատ մարդ է մահամում, քան մյուս բոլոր հիվանդությունները միասին վերցրած: Ամենախնդրահարույցը` սրտի իշեմիկ հիվանդությունն է, որի առաջացմանը նպաստում է խոլեսթերինի փոխանակության խանգարումը:


Խոլեսթերինը ճարպի մի տեսակ է, որի մեծ մասը արտադրվում է լյարդում՝ ընդունած սննդամթերքում պարունակվող ճարպերից:

 

Խոլեսթերինը ջրում չի լուծվում, այն փոխադրվում է բարդ նյութերի՝ լիպոպրոտեիդների միջոցով, որոնք օրգանիզմի համար ունեն տարբեր նշանակություն: Ցածր խտության լիպոպրոտեիդները (այլ կերպ անվանում են «վնասակար լիպոպրոտեիդներ»)  փոխադրում են խոլեսթերինը բոլոր օրգաններ, իսկ բարձր խտություն ունեցող լիպոպրոտեիդները («առողջարար լիպոպրոեիդներ»)  կապում են արյան մեջ եղած ազատ խոլեսթերինը եւ այն վերադարձնում են լյարդ:


Խոլեսթերինը նստում է սիրտը սնուցող  պսակաձեւ զարկերակների ներքին մակերեւույթին: Վերջինս նպաստում է այդ հատվածում արյան մակարդուկի առաջացման, արդյունքում զարկերակի լուսանցքը նեղանում է և դժվարացնում արյան հոսքը: Դրա հետեւանքով սրտամկանի այն հատվածը, որը սնուցվում է նեղացած զարկերակով՝ ստանում է անբավարար քանակությամբ թթվածին եւ սննդանյութեր: Առաջանում է թերսնուցում, որն արտահայտվում է օրգանիզմի կողմից որոշակի ախտանիշներով՝ ցավ սրտի շրջանում (ցավը «սոված սրտամկանի ճիչն է»): Զարկերակների նեղացումները, որոնք տարիների նյութափոխանակության հետեւանք են՝ բարձրացնում են սրտամկանի կաթվածի հավանականությունը:


Որոշ գործոններ նախատրամադրում են սրտի իշեմիկ հիվանդության առաջացմանը.

 

  • Ծխել,
  • պասիվ ֆիզիկական շարժումներ,
  • արյան ճնշման բարձրացում,
  • ճարպակալում:

Այս գործոնների համակցման դեպքում սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը մեծանում է 2-3 անգամ:


(շարունակելի)


Հասմիկ Բարսեղյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի սրտաբան