Քթի խոռոչը միջնապատի միջոցով բաժանվում է երկու ասիմետրիկ մասերի: Ասիմետրիան կապված է այն փաստի հետ, որ մեծամասամբ դեպքերում, մասնավորապես, տղամարդկանց մոտ, միջնապատը կարող է լինել ծռված կամ ունենալ ելուստ, որը զգալիորոն կարող է նեղացնել ընդհանուր քթային անցուղին` պատճառ դառնալով քթային դժվարաշնչության:
Եթե միջնապատի ծռվածությունը լինում է աննշան, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա: Վիրաբուժական միջամտությունը խորհուրդ է տրվում միայն այն ժամանակ, երբ առկա է միակողմանի կամ երկկողմանի արտահայտված քթային դժվարաշնչություն:
Սովորաբար քթի միջնապատը բնածին լինում է ուղիղ, ինչը ենթադրում է, որ այն ծռվում է դիմային կմախքի զարգացման ժամանակ կամ էկզոգեն գործոնների ազդեցությամբ (տրավմաներ, քթային խեցու հիպերտրոֆիա, ուռուցքներ եւ այլն): Միջնապատի ծռվածությունը կարող է լինել տարբեր՝ ամբողջովին դեֆորմացված եւ սեղմված լինել խեցուն, կարող է լինել S-ձեւ ծռված կամ դեֆորմացված, լինել միայն աճառային կամ ոսկրային հատվածներում:
Քթի միջնապատի ծռվածության ժամանակ հանդիպող ամենաբնորոշ ախտանիշը միակողմանի կամ երկկողմանի քթային դժվարաշնչությունն է, որը կարող է ուղեկցվել գլխացավերով, հոտառության թուլացումով, ռնգախոսությամբ եւ այլն:
Քթի միջնապատի ծռվածությունն ախտորոշվում է առաջային ռինոսկոպիայով, որի ժամանակ տեսանելի է նաեւ քթային անցուղիներից մեկի նեղացումը եւ մյուսի լայնացումը:
Բուժումը միայն վիրահատական է: Վիրահատական միջամտության ցուցումներն են.
- քթային շնչառության խանգարումը կամ բացակայությունը,
- քթի խոռոչում որոշակի միջամտություններ կատարելու դեպքում, ինչպիսիք են՝ պոլիպէկտոմիան, ականջի կատետերիզացիան կամ քթի հարակից խոռոչների ներքթային վիրահատությունները, երբ միջնապատի այս կամ այն աստիճանի ծռվածությունը խանգարում է այդ միջամտություններին:
Վիրահատությունն իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ: Կատարվում է միջնապատի ենթալորձաթաղանթային մասնահատում:
Քառանկյունաձեւ աճառի առաջնային հատվածում, ենթալորձաթաղանթային 1 կամ 2 տոկոս լիդոկաինային ինֆիլտրացիայից հետո, կատարվում է կտրվածք (միջնապատի միայն մի կողմի վրա), այնուհետեւ լորձաթաղանթը շերտազատվում է աճառային եւ ոսկրային հատվածներից: Միջնապատի ծռված աճառային հատվածները, մաղոսկրի ուղղահայաց թերթիկը (եթե ծռված է), խոփոսկրի կամ քմոսկրի կատարի ծռված հատվածները հեռացվում են եւ, փոփոխության ենթարկված աճառն ուղղելուց հետո, կրկին տեղադրվում է միջին գծով: Այնուհետեւ երկու կողմի լորձաթաղանթները հպում են իրար, յուրաքանչյուր կողմից ֆիքսելով յուղային ճնշող տամպոններով:
Հաջողված վիրահատությունը վերականգնում է քթային շնչառությունը:
Մերի Մինասյան «Գյումրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայության ղեկավար, Շիրակի մարզի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան