Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:
Տեխնիկայի գրանցած ձեռքբերումները, որոնք հաճախակի են օգտագործվում պատճառ են ակնային հիվանդության: Գրեթե միշտ օգտագործվող նոր սերնդի հեռախոսները, հեռուստացույցները եւ համակարգիչները ամենաշատն են ազդում աչքերի վրա:
Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում և քննարկվում «չոր աչքի համախտանիշ»-ը, որը նախկինում չի եղել: Այն տարածված է ամբողջ աշխարհում: Պատճառն աչքերը հաճախակի չթարթելն է, օրինակ, համակարգչին ուշադիր ու երկար նայելու ժամանակ, ինչն առաջ է բերում աչքերի լարվածություն եւ սեւեռվածության:
Այս եւրեւույթին հաջորդում է.
- արցունքաշերտերի չորացում,
- եղջերաթաղանթի գրգռում,
- եղջերաթաղանթի կարմրում,
- հոգնացություն,
- ցավ,մրմռոց:
Առողջ աչքը նախատեսված է 50 տոկոս մոտիկ եւ 50 տոկոս հեռու տարածություն համաչափ նայելու համար: Սակայն, ներկայում մարդիկ 80-85 տոկոս դեպքերում մոտիկ տարածություն են նայում, ինչի հետեւանքով առաջանում է կարճատեսություն եւ աչքի գործունեության խանգարում: Վերոնշյալը տարածված է երեխաների եւ երիտասարդների շրջանում:
Ակնային հիվանդությունների զարգացման պատճառ են.
- քիմիական հավելումներով սննդի օգտագործումը,
- սթրեսները,
- աշխատանքային լարվածությունը,
- սոցիալական վատ պայմանները,
աշխատանքային հիգենիայի ոչ լիարժեք պահպանումը:
Տեսողական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է առարկաները պահել 35-40 սմ հեռավորության վրա՝ ընտրելով ճիշտ դիրք եւ լուսավորություն: Յուրաքանչյուր 40 րոպե հետո պետք է ընդմիջել 15 րոպեով:
Հայկ Աբրահամյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի ակնաբույժ, Շիրակի մարզի գլխավոր ակնաբույժ