Օգոստոսի 13-ին «Գյումրի» բժշկական կենտրոն էր այցելել 2015 թվականի ապրիլի 4-ին կենտրոնում անվճար սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունից օգտված Հարություն Հողդանյանը: Վիրահատությունից հետո, նկատելով առողջական վիճակի դրական փոփոխությունները, Հողդանյանը եկել էր իր շնորհակալությունը հայտնելեւ բժշկական կենտրոնի տնօրինությանը եւ միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանին` բարեխիղճ աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած հանրապետությունում իրականացվում է «Կյանքի ստենտ» ծրագիրը, որը սրտի ինվազիվ միջամտություն է առաջարկում դրա կարիքն անհապաղ ունեցողներին: 4 երևանյան և 2 մարզային բուժհաստատություն են ընդգրկվել պիլոտային ծրագրի առաջին եռամսյակում:
Շիրակի մարզում ստենտավորման անվճար ծրագիրն իրականացվում է «Գյումրի» ԲԿ-ում: Հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ը կենտրոն դիմած և ծրագրում ընդգրկված 16 քաղաքացի է ստենտավորվել:
ՀՀ Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով «Կյանքի ստենտ» ծրագրի արդյունավետությունը եւ առաջին եռամսյակի գրանցված հաջողությունները` ընդլայնեց բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններն իրականացնող բժշկական կենտրոնների թիվը: Կնքվեց փոխըմբռման հուշագիր: Նախկին վեց բժշկական կենտրոնների փոխարեն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը «Կյանքի ստենտ» ծրագիրը կիրականացվի 10 ԲԿ-ներում: Առողջապահական կառույցների թվում շարունակեց մնալ նաեւ «Գյումրի» բժշկական կենտրոնը:
Փաստենք, որ «Գյումրի» բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ ծառայությունը հիմնադրվել է 2012 թվականին: Անգիոգրաֆիկ սարքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նվերն է բժշկական կենտրոնին: Ծառայությունը հագեցված է նորագույն Simens Artis Zec սարքով եւ սիրտ-անոթային հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Անգիոգրաֆիկ ծառայությունը «Գյումրի» բժշկական կենտրոնում լիարժեք սկսել է գործել 2014 թվականի մայիսի 1-ից: Բաժանմունքն իրականացնում է հետեւյալ ծառայությունները.
- կորոնարոանգիոգրաֆիա,
- ռենոանգիոգրաֆիա,
- ծայրամասային անոթների անգիոգրաֆիա,
- վենտրիկուլոգրաֆիա,
- աորտոգրաֆիա,
- պսակաձեւ զարկերակների ստենտավորում:
Հավելենք, որ 2014 թվականի հուվարի 1-ից մինչ 2015 թվականի հուլիսի 31-ը «Գյումրի» ԲԿ-ում իրականացվել 151 պսակաձեւ զարկերակի ստենտավորում, որից 35-ը St էլեվացիա ծրագրով: «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների ծրագրի իրականացումն անհրաժեշտ էր համարում հատկապես ազքատության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզի համար. «Անվճարունակության հետեւանքով շատերը չէին դիմում, սակայն, «Կյանքի ստենտ» ծրագրի ներդրումից հետո բարձրացել է դիմողների թիվը, քանի որ պետությունն է ստանձնել ստենտավորման ծախսերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ առողջապահության նախարարին, որ յուրաքանչյուր հարցում աջակցում է մեզ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին