Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն սպորների ձեւով գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կապարիչներով հերմետիկ պահված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում`ավտոկլավներում, բարձր ճնշման (1,5-2 մթնոլորտ) եւ բարձր ջերմության (120-130) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ բանջարեղենը նման մշակման ենթարկել:
Պետք է հիշել, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:
Հիվանդության հիմնական ախտանիշներն են. սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն,տեսողության խանգարում, աչքի առջեւ մշուշ, ցավեր, երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:
Բոտուլիզմի ծանր թունավորումից խուսափելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է.
- խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից;
- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե;
- առաջին ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին