
Պատասխանում է «Գյումրի բժշկական կենտրոն»ի թերապեւտ` Աննա Հովհանիսյանը:
Խոցային հիվանդությունը քրոնիկական ռեցիդիվող հիվանդություն է, որը սրացման շրջանում արտահայտվում է խոցային էրոզիվ փսփսխություններով` ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա:
Հիվանդության պատճառը բակտերիալ գործոնն է: Հարուցիչը` Helicobacter pylori, տեղակայումը`ստամոքսի եւ տասներկումատնյա աղու լորձաթաղանթները: Հիվանդությունն արտահայտվում է ստամոքսի շրջանում ցավերով` սնունդ ընդունելուց հետո, այրոցի զգացումով ստամոքսի շրջանում՝ հաճախ քաղցած ժամանակ: Բնորոշ են նաեւ` «գիշերային ցավեր»-ը, գղտոցը, աղիների գործունեության հաճախակի խանգարումը, երբեմն ցավի ինտենսիվությունը պակասում է սնունդ ընդունելուց հետո:
Բուժումը տեւում է 3-4 շաբաթ: 4 շաբաթ հետո կարելի է կրկնել հարուցիչի հակամանրէների առկայությունը հիվանդի արյան մեջ եւ, անհրաժեշտության դեպքում, շարունակել բուժումը եւս 1-2 շաբաթ: Բուժումը կազմակերպվում է դեղամիջոցների որոշակի սխեմաներով եւ փուլերով: Հաշվի է առնվում խոցի տեղակայումը, չափերը, վաղեմությունը, հնարավոր բարդությունների առկայությունը, ռեցիդիվների հաճախականությունը եւ հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունները, այլ օրգանների ախտահարումը:
Խոցային հիվանդության բարդացումներն են` խոցային արյունահոսությունը, խոցային սպիի դեֆորմացիան: Խոցային հիվանդության սրացումները կրում են սեզոնային բնույթ: Ցավերը զգացվում են հիմնականում ամռան եւ գարնան ամիսներին: Խոցային հիվանդության զարգացմանը նպաստում են` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անկանոն սնվելը, սննդակարգի կոպիտ խախտումները, սթրեսային իրավիճակները, հանգստի եւ քնի ռեժիմի խանգարումները:
Հիվանդության սրացման շրջանից դուրս սննդակարգը եւ սննդի ռեժիմի պահպանումը կարեւոր են հնարավոր ռեցիդիվներից խուսափելու համար: Կարեւոր է նաեւ հակառեցիդիվային բուժում գարնան եւ աշնան ամիսներին՝ բժշկի հսկողությամբ: