Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Առաջին օգնություն / Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն օձի թույնով թունավորվելու դեպքում

Ինչպես ցուցաբերել  առաջին օգնություն օձի թույնով թունավորվելու դեպքում 15.06.2015

Հայաստանում տարածված իժանմանների թույներն ունեն  գերակշռող պրոտեոլիտիկ, կամ, այլ կերպ ասած, սպիտակուցի քայքայիչ ազդեցություն, այսինքն, խանգարում են արյան եւ արյունատար համակարգի, նաեւ շարակցական հյուսվածքի կառուցվածքն ու ֆունկցիաները:


Մեր երկրում տարածված իժանմանների բոլոր տեսակների թույները, պարունակելով սերինային եւ մետաղային պրոթեազներ, սկզբում առաջացնում են արյան մակարդելիության բարձրացում, որնն այնուհետեւն փոխարինվում է երկարատեւ մակարդելիության անկմամբ:


Եթե օձերի տեսակային տարբերակումը հնարավոր չէ կատարել, ապա կարելի է ուղղորդվել զարգացող կլինիկական ախտանիշներով:


Հայաստանում տարածված լորտուանմանների կծածներից առաջացող ախտանիշները հետեւյալներն են.

 

1. ցավոտ ու տարածվող կայուն հեմոռագիկ այտուց,

2. կատվաօձի եւ մողեսային օձի կծածներից թունավորվելու դեպքում՝ նաեւ տեղային անզգայացում:

Իժանմանների խայթածից առաջացող ախտանիշները.

 

1. Փսիխիկ ռեակցիաներ. լինում է վախի եւ տագնապի զգացում՝ ուղեկցող վեգետատիվ խանգարումներով: Սրանք ունեն կարճատեւ ընթացք:    

                                       

2. Տեղային ախտանիշներ. բնորոշ է ժանիքների հետքը, ցավը եւ կենտրոնախույս տիպի տարածվող այտուցը: Ցավը  կարող է լինել թույլից մինչև անտանելի: Այն կարող է առաջանալ նաեւ երկրորդային  հյուսվածքների այտուցի հետեւանքով  եւ զգացնել տալ շարժումների կամ հպման դեպքում:  Այտուցը հակված է տարածվելու կծած վերջույթից  դեպի վեր՝ ընդգրկելով ամբողջ իրանը եւ նույնիսկ հակառակ վերջույթը: 24 ժամվա ընթացքում այտուցը ստանում է հեմոռագիկ գունավորում` կապտավուն երանգավորում: Այտուցը իր մաքսիմալ չափերին է հասնում 48-72 ժամվա ընթացքում: Այն անհետանում է 1-2 շաբաթների ընթացքում, բայց կարող է պահպանվել ավելի երկար: Կծած տեղում հնարավոր է առաջանան բշտեր: Տեղային հատվածներում հնարավոր է զարգանա հյուսվածքների գանգրենա, որը ենթակա է հեռացման միայն վիրահատական միջամտությամբ: Եթե խայթոցը տեղի է ունեցել անմիջապես անոթի  վրա, ապա նշված տեղային ռեակցիաները կարող են չզարգանալ, փոխարենը կզարգանա ծանր թունավորման արագընթաց կլինիկա եւ մահացության հավանականությունն այս դեպքում բարձր է:


3. Գաստրոինտեստինալ ախտանիշներ. լինում է որովայնի ցավ, փսխում, լուծ: Այս ախտանիշները սկսվում են ավելի վաղ՝ կծելուց հետո մի քանի րոպեից մի քանի ժամվա ընթացքում, տեւելով 4-6 ժամ: Կարող է առաջանալ նաեւ ստամոքսի արյունահոսություն՝ սթրեսային խոցի առաջացման հետեւանքով:


4. Ցիրկուլյատոր խանգարումներ. տախիկադրիա, հիպոտեզիա եւ շոկ:


5. Նյարդաբանական խանգարումներ.  գլխապտույտ, տագնապի զգացում, թուլություն: Կարող են լինել ցնցումներ, ակամա դեֆեկացիա , միզարձակում:


6. Երիկամների ախտահարում. սա կրում է տրանզիտոր բնույթ՝ կապված ցիրկուլյատոր խանգարման, շոկային վիճակի եւ հեմոլիզի հետ:


7. Շնչական համակարգի կողմից ախտանիշներ եւ բարդություններ. կարող է առաջանալ բրոնխոսպազմ, շնչուղիների լորձաթաղանթի այտուց, թոքի այտուց:


8. Ուշացած խանգարումներ. լավացումից հետո կարող են դիտվել վերջույթի այտուտվածություն, կծած տեղում կոշտացում, ցավ, շարժման սահմանափակումներ, զգայական խանգարումներ:

Առաջին օգնություն


Չափազանց կարեւոր է ճշգրիտ եւ ժամանակին ցուցաբերած առաջին բուժօգնությունը, քանի որ դրանից է կախված թունավորման հետագա ընթացքը եւ ելքը:


1. Տուժածին  անհրաժեշտ է պառկեցնել եւ տալ հանգիստ: Ոչ մի դեպքում չի կարելի տուժածին թույլ տալ կծած վերջույթով քայլել եւ նույնիսկ նստած դիրքով թողնել, քանի որ հաճախ զարգանում են գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխումներ, ուշագնացություն:


2. Չափազանց կարեւոր է կծած վերջույթի անշարժացումը: Թույնը տարածվում է ավշային ուղիներով, իսկ շարժումնները նպաստում են թույնի տարածմանը եւ թունավորման ընդհանուր երեւույթներն ավելի արագ են զարգանում: Լիարժեք անշարժացումը դանդաղեցնում է թունավորման ընդհանուր երեւույթների արտահայտմանը:


3. Կծած վերջույթից հանել բոլոր սեղմող կապերը, պարագաները, քանի որ խայթած վերջույթը շատ արագ կարող է այտուցվել:

4. Եթե կծող օձին սպանել են, ապա ցանկալի է ցույց տալ մասնագետին՝ տեսակը որոշելու համար:

5. Անմիջապես պետք է դիմել մոտակա հիվանդանոց:


Առանձնհատուկ պետք է զգուշանալ 15 տարեկանից ցածր տարիքի երեխաների մոտ գլխի կամ, պարանոցի շրջանում խայթած դեպքերում : Խիստ վտանգավոր է նաև  ընդհանուր երևույթների արագ ի հայտ գալը և տեղային երևույթների արագ զարգացումը:


Հիվանդին հարկավոր է հանգստացնել, վերջույթը անշարժացնել, տալ բարձր դիրք, կատարել ցավազրկում:


Խորհուրդ է տրվում կատարել փայտացման դեմ կանխարգելիչ ներարկում: Հիվանդը պետք է նվազագույնը 24 ժամ գտնվի ստացիոնար հսկողության տակ:

Բուժում հակաթույնով

Գոյություն ունեն միավալենտ հակաթույներ (հակագյուրզա, հակաիժ, հակաէֆա, հակակոբրա և այլն) և պոլիվալենտ հակաթույներ, որոնք պարունակում են մի քանի տեսակի հակաթույներ: Մոնովալենտ հակաթույներն ընդունակ են չեզոքացնելու ո՛չ միայն տվյալ տեսակ օձի թույնը, որի համար պատրաստվել է, այլև ազդելու ազգակից ընտանիքներին պատկանող օձերի թույնին: Այսպես օրինակ «հակագյուրզա» հակթույնի 10մլ շիճուկը չեզոքացնում է գյուրզայի 0.7 մգ թույնը, հայկական իժի 0.8մգ թույնը, 1.5մգ տափաստանային իժի և 0,3մգ հասարակ իժի թույները:

Նախկինում խուսափում էին հակաթույնի ներարկումից, քանի որ հակաթույնի կողմնակի ազդեցությունն առավել տարածված էր ձիուց ստացված շիճուկի ալլերգիզացնող  անտիգենային հատկության պատճառով: Այժմ արտադրվում են լիարժեք զտված շիճուկներ ո՛չ միայն ձիուց, ալյև այլ կենդանիներից (ոչխար, այծ), F(ab)2-տիպի հակամարմնային նյութեր, որոնք քիչ ալերգիզացնող են:

Հակաթույնի ներարկումը նպաստում է՝ կանխելու զարգացող այտուցը, անեմիան և մակարդելիության խանգարումները: Այն նպաստում է կլինիկական ախտանիշների արագ ետ զարգացմանը և զգալի կրճատում ստացիոնարում բուժվելու օրերի թիվը: Այն կրճատում է մահացությունը և հիվանդացությունը:

Թունավորման թեթև դեպքերում ներարկվում է 500-1000 ԱՄ, միջին ծանրության դեպքում՝ 1500 միւսվոր, ծանր դեպքերում՝ 2500 միավոր: Շիճուկը ներարկվում է կոտորակային , սկզբում 0.1մլ, 10-15 րոպե անց՝ 0.25, ռեակցիայի բացակայության դեպքում՝ մնացած բաժինն ամբողջությամբ, ե/մ կամ մ/մ:       

Հակաթույն ներարկվում է նաև ն/ե:

Նախապես կարելի է դնել մաշկային թեստ, եթե անամնեզում նշվում է ալլերգիկ ռեակցիա: Այժմ մասնագետները գտնում են, որ ալլերգիկ փորձ դնելու կարիք չկա: Կանխարգելող դեսենսիբիլիզացնող բուժում եւս խորհուրդ չի տրվում, ինչը կարելի է իրականացնել միայն ալերգիկ ռեակցիայի նշանների դեպքում:


Ծանր դեպքերում հակաթույնը տրվում է ն/ե, ֆիզիոլոգիական լուծույթի մեջ նոսրացված կաթիլային ձևով, 30-60 րոպեի ընթացքում:


Դոզան նույնն է՝ անկախ տարիքից ու քաշից, ցանկալի է տալ առաջին 4-8 ժամերի ընթացքում: Դոզան կարելի է կրկնել ծանր թունավորումների դեպքում: Որքան վաղ է ներարկվում հակաթույնը, այնքան արդյունավետ է: Կարելի է ներարկել ամենաուշը 18 ժամերի ընթացքում: Հակաթույնը կարող է տալ սուր և ուշացած գերզգայունության ռեակցիաներ: Այդ դեպքում տրվում են կորտիկոստերոիդներ:

Սիմպտոմատիկ բուժում


1. Հիպոտենզիան, վազոդիլատացիայի և հեղուկի կորստի հետևանքով առաջացած շոկը պետք է բուժել ն/ե ռեհիդրատացիայով, որքան անհրաժեշտ Է: Նախապատվելի է կրիստալոիդների և կոլոիդների համակցված ներարկումը: Անհրաժեշտությանան դեպքում տրվում են ինոտրոպ միջոցներ: Ակնառու հիպոտենզիայի դեպքում ցուցված է Էպինեֆրոն, այնուհետև դոպամինի շարունակական ներարկում: Եթե հակաթույն չի կատարվել, ապա հեղուկների ներարկումը պետք է պարտադիր շարունակել առաջին 2-4 օրերի ընթացքում   
 
2. Անհրաժեշտ է էլեկտրոլիտային, թթվահիմնային բալանսի կարգավորում և ընթացիկ հսկողություն:   

3. Ծանր դեպքերում կարևեր է համարվում արյան  պլազմայի հիմնայնացումը, որը նպաստում է թույնի դուրս բերումն օրգանիզմից, հեմոլիզի դեպքում կանխում երիկամային բարդությունները:

4. Ցանկալի է սիրտ-անոթային համակարգի մոնիտորինգ և կենտրոնական երակային, նաև զարկերակային մուտքերի ապահովում, չնայած պետք է հաշվի առնել արյունահոսություն առաջանալու վտանգը:

5. Շնչական խանգարումները, ինչպես օրինակ, բրոնխոսպազմը կամ այլ ալլերգիկ տիպի երևույթները, արագ վերացվում են էպինեֆրինի օգնությամբ: Հակահիստամինների և կորտիկոստերոիդների կիրառումը ևս ցանկալի է՝ նշված երևույթները կանխելու նպատակով: Որպես ուշացած շնչական բարդություն հաճախ զարգանում է թոքի այտուց: Այն հատկապես դիտվում է ցածր տարիքի երեխաների մոտ՝ թունավորման 3-5 րդ օրերին:

6. Երիկամային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վերացնել ցիրկուլյատոր խանգարումները և հիպոտենզիան, ու ապահովել հիմնայնացված դիուրեզ: Երբ սկսվում է վերջույթների այտուցների ներծծումը և առաջանում գերհիդրատացիա շրջանառող համակարգում, այս դեպքերում հաճախ անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառություն:

7. Արյան հունից պլազմայի արտահոսքի և հեմոլիզի հետևանքով առաջացող անեմիայի դեպքում անհրաժեշտ է կատարել արյան փոխներարկում:

8. Կոագուլոպաթիայի դեպքում ներարկվում է թարմ սառեցված պլազմա, կոազուլյացիոն ֆակտորների ներարկում: Մակարդելիության խանգարումներն արագ կախվում են անմիջապես հակաթույնի ներարկումով:

9. Ինֆեկցիան կանխելու նպատակով երբեմն կատարվում են հակաբիոտիկներ՝ նախապես որոշելով  զգայնությունը:

10. Ցավը եւ քորը հանգստացնելու նպատակով տրվում են ցավազրկողներ եւ  հակահիստամինային դեղեր:

Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք