Սրտանոթային հիվանդությունների զարգացումը կարող է առանց վիրահատության եւ դեղամիջոցների՝ 5 պարզ միջոցառումների օգնությամբ ընդհատվել, համոզված է դոկտոր Սթիվեն Մեսլին: Նրա հեղինակմամբ լույս տեսած՝ «The 30-Day Heart Tune-Up» խորագրով գիրքը, որ արդենբեսթսելեր է դարձել, ընդհանուր առմամբ, բժշկի նորարարական մոտեցման շուրջ է ծավալվում, հաղորդում է NewsMax Health-ը:
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի անդամ, դասախոսական գործունեության համար բազմաթիվ պարգեւների արժանացած դոկտոր Մեսլիի փորձը եւ նրա նախաձեռնությամբ իրականացված հետազոտութունների արդյունքները ցույց են տալիս, որ սրտի առողջության նկատմամբ ավանդական մոտեցնումները, մասնավորապես՝ առ այն, որ սրտանոթային հիվանդության գլխավոր գործոնը խոլեսթերինի մակարդակն է հանդիսանում, բացարձակապես կտրված են իրականությունից:
«Իմ նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունները ոչ մի այդպիսի եզրահանգման չեն բերել», - նշել է միայն սննդակարգի եւ կենսակերպի փոփոխություններ ենթադրող, այսպես կոչված «նորարարական պլանի» հեղինակը՝ նշելով, որ այն իր հիվանդներից ավելի քան 100-ի պարագայում սրտի շոշափելի երիտասարդացման է հանգեցրել:
Դոկտոր Մեսլիի դիտարկմամբ, սրտանոթային հիվանդության զարգացումն ընդհատելու գործում ամենակարեւոր դերակատարումը հետեւյալ 5 գործոնները կարող են ունենալ՝ բջջանյութ, ձուկ, սննդային հավելումներ, ֆիզիկական վարժություններ եւ ճարպ:
Եւ այսպես, բժիշկն առաջարկում է.
1. Մեծ ծավալով բջջանյութ ընդունել. «Սրտանոթային հիվանդության զարգացումն ընդհատելու գործում ամենակարեւոր դերակատարումը բջջանյութի սպառման ծավալներին է վերապահված», - համոզված է նա:
Բժիշկն առաջարկում է նախընտրությունը լուծվող բջջանյութին տալ, ինչը կարելի է լոբու, ընդեղենի, վարսակի, բանջարեղենի եւ մրգերի բաղադրության մեջ գտնել: Համաձայն պլանի, օրական հարկավոր է 5 բաժակ միրգ եւ բանջարեղեն, ինչպես նաեւ կես բաժակ լոբի ու մի բուռ ընդեղեն ընդունել:
Սրտի առողջության համար ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենը վառ գույն ունեն՝ մուգ կանաչ, կարմիր կամ դեղին, քանի որ հենց դրանք են ծերացումը կանխարգելող հակաօքսիդանտների բարձր բաղադրությամբ աչքի ընկնում: Խոսքը, մասնավորապես, լոլիկին, նարնջին, կարմիր խաղողին, բրոկոլիին, պղպեղին, գանգրակաղամբին եւ սպանախին է վերաբերում:
2. Ավելի հաճախ ձուկ ուտել. ձուկն անչափ կարեւոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ մեծ ծավալով օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում: «Երկրորդ կետի շնորհիվ սրտի անկանոն աշխատանքի եւ արյան մակարդելիության (վերջին դեպքում, մասնավորապես, սրտի կաթվածի առաջացում հրահրող մակարդուկների ձեւավորումից կխուսափեք) եւ տրիգլիցիդների մակարդակի կարգավորման կարող եք հասնել», - մեկնաբանում է դոկտոր Մեսլին՝ հավելելով, որ շաբաթն առնվազն երեք անգամ նախապատվությունը պետք է սառը ջրերում բնակվող, փոքր բերանով ձկնատեսակներին, մասնավորապես՝ սաղմոնին, ծովալեզվին եւ իշխանին տալ, քանի որ դրանք «լավ ճարպերից» են պարունակում եւ հազիվ թե սնդիկով թունավորված լինեն: Այդուհանդերձ, եթե ի վիճակի չեք պահանջված ձկնատեսակներից ձեռք բերել, բարձրորակ ձկան յուղի պարունակությամբ պարկուճները, օրական մեկն ընդունելու դեպքում, եւս համարժեք ազդեցությունը կապահովեն:
3. Սննդային հավելումներ ընդունել. «Առողջ սննդակարգի միջոցով օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների եւ սնուցիչների մեծ մասը ձեռք կբերեք, սակայն ոչ այն բոլորը, որոնց կարիքը հատկապես սիրտն է զգում», - մեկնաբանում է մասնագետը՝ հավելելով, որ սննդային հավելումները կարող են էական դերակատարում ունենալ սրտի առողջության հարցում, նույնիսկ եթե առողջ սննդակարգի եք հետեւում, պարբերաբար մարզվում եւ սթրեսը հաջողությամբ կառավարում:
Դոկտոր Մեսլին խորհուրդ է տալիս հավասարակշռված մուլտիվիտամիններ, մասնավորապես՝ օրական 400 մգ մագնեզիում, 2 000 մգ վիտամին D եւ 250 մկգ վիտամին K ընդունել: Արյունը նոսրացնող դեղամիջոցներ ընդունող մարդիկ նախքան վիտամին K-ի բաղադրությամբ սնուցիչներ ընդունելը պետք է բժշկի հետ խորհրդակցեն, զգուշացնում է բեսթսելերի հեղինակը:
4. Ավելորդ ճարպերից ազատվել. ճարպակալումը սրտանոթային հիվանդության ակնառու գործոն է, ուստի երեւույթից ձերբազատումը սրտի աշխատանքի հետ կապված բարդության զարգացման ընթացքի ընդհատում է ենթադրում, հավաստիացնում է սրտաբանը: Մինչդեռ հավելյալ ճարպերը կարող են ո՛չ միայն խոլեսթերինի մակարդակի, արյան ճնշման եւ շաքարի բաղադրության աճ խթանել, այլ նաեւ բորբոքային հատկությամբ աչքի ընկնող միացություններ արտազատել, որոնք իրենց հերթին պսակաձեւ զարկերակներում մակարդուկների ձեւավորմանն են նպաստում:
«Լավ նորությունն այն է, որ սննդակարգի սահմանափակման պարագայում մեծավ մասամբ կարելի է ճարպակալման ծավալի կրճատման հասնել», - հիշեցնում է դոկտոր Մեսլին:
5. Ֆիզիկական ակտիվություն պահպանել. «Պարբերաբար ֆիզիկական վարժություններ իրականացնող մարդիկ 40 տոկոսով ավելի քիչ են սրտի կաթվածի, ինսուլտի ենթարկվում եւ հանկարծամահ լինում, ուստի ֆիզիկական եռանդուն ակտիվությունը եւս վճռորոշ դերակատարում ունի՝ սրտի առողջության համար», - եզրակացնում է մասնագետը:
«Պսակաձեւ զարկերակները, մկանների նմանությամբ, ֆիզիկական լարվածության կարիք են զգում՝ օպտիմալ գործառնականություն ապահովելու համար: Դրանց շնորհիվ հիվանդ, կարծր, մակարդուկներով պատված զարկերակը կարող է միանգամայն առողջ տեսք ստանալ», - հավաստիացնում է նա:
Որոշ բժիշկներ հիվանդներին առաջարկում են ֆիզիկական ակտիվության կարիքն ընդամենը կարճ զբոսանքով լրացնել: Մինչդեռ՝ համաձայն դոկտոր Մեսլիի պլանի, վարժությունները պետք է ինտենսիվ բնույթ կրեն:
«20 րոպեանոց զբոսանքը ոչինչ չի տա», - հավաստիացնում է նա՝ նշելով, որ նախընտրելի է աերոբիկ վարժություններ իրականացնել:
www.med-practic.com/arm/article.more.html