Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Կլինիկական դեպքեր / Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)

Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք) 14.08.2014

Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք սկավառակաձև միջային մահիկի կլինի-կական առաջին դեպքը Հայաստանում: Հիվանդը ստացել է արդյունավետ բուժում ծնկան հոդի արթրոսկոպիկ վիրահատության եղանակով, որի արդյունքում հեռացվել է միջային մահիկի ավելորդ հատվածը:

 

Կլինիկական դեպք: Երեսուն տարեկան կինը ներկայացել է հիվանդանոց աջ ծնկան հոդի այտուցով և ցավերով: Ցավերի բնույթը` բութ, առաջացել էին ութ ամիս առաջ և տեղակայվում էին ծնկան հոդի միջային հատվածում: Ցավերը հատկապես ուժգնանում էին աստիճաններ բարձրանալիս կամ կքանստած դիրքից ուղղվելու ժամանակ:  Անամնեզում որևէ վնասվածք կամ ցավ մյուս հոդերում հիվանդը չէր նշում:

 

Կլինիկական հետազոտության արդյունքում քառագլուխ մկանը փոքր-ինչ ատրոֆիկ է: Աջ ծնկան հոդի տարածումը լիովին պահպանված էր, սակայն ցավեր էին առաջանում ծնկան հոդը 110 աստիճանից ավել ծալելու, ինչպես նաև կքանստած դիրքից բարձրանալու ժամանակ: ՄՌՇ-ի նկարի վրա հայտնաբերվեց սկավառակաձև միջային մահիկ: 

 

Վիրահատություն: Հիվանդի աջ ծնկան հոդի արթրոսկոպիկ ռեվիզիա. հայտնաբերվեց սկավառակաձև միջային մահիկ, որն ամբողջությամբ ծածկել էր ոլոքի աճառային մակերեսը: Մահիկը ինտակտ էր, չպատռված, առանց որևէ աննորմալ կպումների: Կատարվեց մահիկի մասնակի հատում ռեզեկցված ծայրերը մշակվեցին սառն աբլյացիայի եղանակով, և մահիկը ստացավ նորմալ անատոմիական տեսք: 

 

Հետվիրահատական վերքերն ապաքինվեցին առանց բարդությունների. հիվանդի ծնկան հոդը դարձավ անսիմպտոմ: 

 

Քննարկում: Չնայած այն փաստին, որ գոյություն չունի սկավառակաձև միջային մահիկի առաջացման պատճառի որևէ հիմնավորված սաղմնաբանական գիտական բացատրություն, ոմանք այն բնածին արատ են համարում. մյուսները կարծում են, թե այն առաջանում է մահիկի գերշարժման հետևանքով: 

 

 

               Նկար  1                  Նկար  2          Նկար  3                     Նկար  4 

Սկավառակաձև միջային և կողմնային մահիկների կլինիկական պատկերները տարբերվում են: Առավել հաճախ սկավառակաձև միջային մահիկի սիմպտոմները և կլինիկական պատկերը նմանեցվում են կողմնային մահիկի պաթոլոգիային` սովորաբար պատռվածքին: 

 

Վիրահատական միջամտության մոտեցումները տարբեր են` կախված սկավառակաձև միջային մահիկի տեսակից: Արթրոսկոպիկ գործողությունները բավականին հաջող են, և տեխնիկական տեսանկյունից մահիկի պատռվածքի հատման համեմատ ավելի շատ հմտություններ են պահանջում. սա բացատրվում է ավելի երիտասարդ տարիք և ամուր հոդեր ունենալու և արթրոսկոպիկ գործիքները կիրառելու համար ավելի քիչ տեղ ունենալու հետ: Վիրահատական բուժման սկզբունքները ներառում են ավելորդ մասի մասնահատում, ձևափոխում և մահիկի հեռացում ամբողջությամբ: Ավելի հաջող տեսադաշտ ունենալու համար մահիկի ամբողջությամբ հեռացումն իրականացվում է սկսած վերջինիս առաջային եղջյուրից: