Գյումրի բժշկական կենտրոն

Մեր մասին

2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով  հագեցած «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակից բուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ  Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերում։ 

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի կառուցման մասին նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ, ըստ որի նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները՝ ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ և մոտ 400 հոգանոց աշխատակազմով։ Բժշկական կենտրոնի կառուցումն իրականացվեց ՀՀ կառավարության «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվեց  Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով։

 

Գյումրու բժշկական կենտրոն   Գյումրու բժշկական կենտրոն   Գյումրու բժշկական կենտրոն


Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2010թ. սեպտեմբերի 9-ին:

 

Այսպիսով. «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 23.11.2012թ. ՀՀ Շիրակի  մարզի «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման արդյունքում՝ համաձայն ՀՀ կառավարության 02.11.2012թ. թիվ 1911-Ն որոշման N9 հավելվածի «Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի և ՀՀ արդարադատության նախարարի պետական ռեգիստրի 23.11.2012թ. տեղեկանքի:

 

«Գյումրու բժշկական կենտրոն»-ը խիստ ժամանակակից բազմապրոֆիլ կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
 
Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։
 
Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։

 

Գյումրու բժշկական կենտրոն

 

 Գյումրու բժշկական կենտրոն