Գաստրոսկոպիան (հուն. gaster`«ստամոքս», skopeo`«նայում եմ») կամ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան (ԷԳԴՍ) ստամոքսի հետազոտություն է, որի ժամանակ դրա խոռոչն հետազոտում են հատուկ սարքի` գաստրոսկոպի օգնությամբ, որը բերանից մտնելով հասնում է մինչև կերակրափող: Այն իրենից ներկայացնում է երկար, բարակ և ճկուն խողովակ, ծայրին ամրացված օբյեկտիվով:
Այսօր գաստրոսկոպիան համարվում է հիմնական բարձր տեղեկատվական մեթոդը մարսողական օրգանների հիվանդությունների ախտորոշման համար: Այն օգտագործում են կերակրափողի լորձաթաղանթի, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների, ուռուցքների կասկածի, պոլիպների, նաև գաստրիտների, էզոֆագիտների մանրամասն ուսումնասիրման համար: Գաստրոսկոպիա կատարվում է նաև այլ հիվանդությունների ախտորոշման ճշտման դեպքում (ալերգիա, նևրոզներ):
Ինչպես է անցկացվում հետազոտությունը
Կարևորը` քաղցած վիճակում: Բացի այդ, բուժգործողությունից 8-10 ժամ առաջ չի կարելի ոչ մի տեսակի սնունդ ընդունել, այլապես այն կդժվարացնի ստամոքս-աղիքային համակարգի ախտորոշումը, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ախտորոշում չի կատարվի:
Գաստրոսկոպիա անցկացնելուց 30 րոպե առաջ պացիենտին միջմկանային սրսկում են կատարում` 1 մլ ատրոպին սուլֆատ, որից հետո նրան պառկեցնում են թախտին` ձախ կողմի վրա: Սրտխառնոցն ու փսխումը ճնշելու համար կատարվում է տեղային թմրեցում` ցողացրում լիդոկաինով: Գաստրոսկոպի մշակված և ախտահանված ծայրը 70o անկյան տակ է մտցվում, ինչը համապատասխանում է մարդու կոկորդի անատոմիական կորագծին: Լորձաթաղանթի անմիջական զննումը կատարվում է բժշկի կողմից առանցքի շուրջը պտտվող շարժումներով: Անհրաժեշտ ախխտորոշումը կատարելուց հետո գաստրոսկոպը դանդաղ հանվում է ստամոքսից, որից հետո պացիենտը 15-20 րոպե հանգստանում է պառկած վիճակում:
Ժամանակակից սարքերը, հատկապես տեսաէնդոսկոպները, թույլ են տալիս պահպանել պատկերները (դրանք կարելի է ձայնագրել DVD-ների վրա), մեծացնել առավելագույն չափերով, հետազոտել բոլոր դժվարհասանելի խոռոչները և ստամոքսի նեղացումները, նաև բիոպսիա կատարել: Եթե անհրաժեշտ է, ապա ԷԳԴՍ-ի ժամանակ կարելի բուժգործողություններ անցկացնել, հեռացնել պոլիպները, ներարկել դեղորայքային պատրաստուկներ:
Ուշադրություն
Հակացուցումները
ԷԳԴՍ չի կարելի անցկացնել, եթե պացիենտի մոտ առկա են սրտային անբավարարություն, արտահայտված աթերոսկլերոզ, ստենոկարդիա, հոգեկան խանգարումներ, հեմոֆիլիա, ստամոքսի նեղացումներ և որոշ այլ հիվանդություններ: