Գյումրի բժշկական կենտրոն

Այսօր Սրտի համաշխարհային օրն է` World Heart Day

Այսօր Սրտի համաշխարհային օրն է` World Heart Day 29.09.2015

Սրտի համաշխարհային օրը նշվում է 1999 թվականից` յուրաքանյուր տարի սեպտեմբերի վերջին երկուշաբթին: Նախաձեռնության հեղինակը Սրտի համաշխարհային ֆեդերացիան է` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ: Նպատակն է` քարոզել ակտիվ ապրելակերպ եւ սրտի առողջությանը նպաստող քայլեր:


Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են հիվանդությունների ցուցանիշում առաջատար մնալ: Պատկերը նույնն է նաեւ մեր երկրում: Սիրտ-անոթային հիվանդությունները Հայասանում շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառը: Մահվան դեպքերի մոտավորապես կեսը սիրտ-անոթային հիվանդություններն են: Այսօր յուրաքանչյուր երկրորդ մարդը սիրտ-անոթային հիվանդություն ունի: Սիրտ-անոթային հիվանդությունների գերակշիռ մաս է կազմում սրտի իշեմիկ հիվանդություն:


Վերջին տարիներին նկատվել է նաև այդ հիվանդությունների երիտասարդացում: Դա կապված է մի շարք հանգամանքների հետ. առաջին հերթին՝ 90-ականների սոցիալական ծանր պայմանների, սթրեսների հետ: Նշանակություն ունեն մի շարք այլ գործոններ ևս. ոչ ռացիոնալ սնունդը, ապրելակերպը, ոչ լիարժեք, ոչ բավարար առողջապահական մշակույթը: Սրտամկանի կաթվածով հիվանդանում են 20-30, 30-40 տարեկան երիտասարդներ: Եվ այդ դեպքերն արդեն հազվադեպ չեն: 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած ՙԿյանքի ստենտ՚ ստենտավորման պետական ծրագիրը հնարավորություն կտա նվազեցնել ինչպես հիվանդացությունը, այնպես էլ հաշմանդամությունն այդ հիվանդություններից:


Սիրտ-անոթային հիվանդացության առաջնային խնդիրն առաջնային կանխարգելումն է, որն իր մեջ ներառում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի վերահսկելի գործոնների նվազեցում: Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները լինում են վերահսկելի և ոչ վերահսկելի:


Ոչ վերահսկելի գործոններն են` տարիքը, սեռը, ժառանգական նախատրամադրվածությունը:


Վերահսկելի գործոններն են` ծխելը, գիրությունը, ֆիզիկական ցածր ակտիվությունը, սննդակարգը, ապրելակերպը, սթրեսները, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և այլն:


Առաջնայինը. պետք է վարել առողջ ապրելակերպ, որը ենթադրում է չծխել, առողջ սնվել, ֆիզիկակապես ակտիվ լինել, վերահսկել արյան մեջ խոլեսթերինի, գլյուկոզայի մակարդակները և զարկերակային ճնշումը:


Կրծքավանդակի շրջանի սեղմող, այրող, ճնշող բնույթի կամ որովայնի, թիկունքի, ուսագոտու կամ զույգ բազկյի շրջանների ցավ, կամ հևոց ունենալու դեպքում անմիջապես պետք է դիմել սրտաբանի և հնարավորինս շուտ բուժօգնություն ստանալ, քանի որ յուրաքանչյուր րոպեն կարևոր է:


Որքան շուտ դիմեն բժշկի, այնքան շուտ լախտորոշվի հիվանդությունն, այնքան բուժումն առավել արդյունավետ կլինի և այնքան շուտ ու շատ հիվանդներ կփրկվեն ու կառողջանանան:

 

Կարեն Միքայելյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան